ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն նախագիծը գիտության դերի և նշանակության, Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտում առկա խնդիրների և դրանց առաջնահերթ լուծումների մասին հայեցակարգային դրույթների համակարգ է:
Ժամանակակից աշխարհում հասարակության և տնտեսության զարգացման կարևոր գործոններից է գիտական և գիտատեխնիկական, այդ թվում ինովացիոն գործունեությունը: Գիտությունն է այն ներուժը, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում լուծելու մրցունակ տնտեսության կայացման խնդիրը: Գիտատար արտադրությունն է հանդիսանում տնտեսության փաստացի և արագընթաց զարգացող հատվածը, մեծապես ազդելով նրա մյուս ճյուղերի վրա:
Գիտությունն է, որ 21-րդ դարի աշխարհում Հայաստանի Հանրապետության համար կարող է ապահովել բարեկեցիկ ապագա և առաջադիմելու հնարավորություն: Առանց մտավոր ներուժի աճի, որը պայմանավորված է կրթության և գիտության զարգացմամբ, չի հաջողվի լուծել սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներ, հասնել քաղաքացիական համաձայնության, կառուցել զարգացած ժողովրդավարական հասարակություն:
Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն ռազմավարական խնդիր համարելով գիտության զարգացումը և տեխնոլոգիական առաջընթացը, անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը: Գիտական և գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրման արդյունավետ համակարգի կազմակերպումը կապահովի Հայաստանի տնտեսության վերընթաց զարգացումը:
1.Գիտության ոլորտի ներկա վիճակը
Հայաստանի Հանրապետությունում գիտությունը՝ որպես երկրի անվտանգության ապահովման, տնտեսության զարգացման, կրթության, մշակույթի և հասարակության առաջընթացի կարևորագույն գործոն, գտնվել է պետության ուշադրության ներքո: Հանրապետության գիտական ներուժը, որոշ հաշվարկներով, կազմում է շուրջ 20 հազար մարդ: ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական ծրագրերի և թեմաների իրականացման գործում ներգրավված են շուրջ 7 հազար գիտնականներ և գիտական աշխատողներ:
Անկախության տարիներին որոշ չափով պահպանվել է Հայաստանի Հանրապետության գիտական ներուժը, գիտնականների ազատ ստեղծագործելու իրավունքը, ի հայտ են եկել ոչ պետական գիտական կազմակերպություններ և գիտական հիմնադրամներ, ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգը, ընդլայնվել է գիտական կազմակերպությունների ինքնուրույնությունը, միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցությունը։ Որոշ չափով ձևավորվել է օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտը: Գիտության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ձևակերպվել են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում (ընդունվել է 2000 թ. դեկտեմբերին), Հայաստանի Հանրապետությունում գիտության զարգացման հայեցակարգում (ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2001 թ. ապրիլին)։ Սակայն գիտության ոլորտում հիմնարար բարեփոխումների իրականացումն անհարկի ձգձգվեց, ինչը հանգեցրեց նրան, որ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծումներ են պահանջում:
Գիտության ոլորտում միասնական քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործում հիմնական խոչընդոտներից են պետական կառավարման միասնական համակարգի բացակայությունը, գիտական կազմակերպությունների գերատեսչական տարանջատվածությունը ակադեմիականի, բուհականի, ճյուղայինի: Չնայած օրենսդրական և նորմատիվ իրավական դաշտի որոշ բարելավմանը և գիտական կազմակերպությունների ինքնուրույնության ընդլայնմանը, պետական կառավարման գործող ոչ արդյունավետ համակարգը ձևավորվել է գերատեսչական շահերի և անձի գործոնի ազդեցության տակ: Առկա գիտական ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Գիտական անկախ փորձաքննության բացակայությունը չի նպաստում ոլորտի արդյունավետ կազմակերպմանը: Պետության կողմից գիտությանը կոնկրետ ձևակերպված և հասցեագրված պատվերների բացակայությունը, գիտության ոլորտի առևտրայնացման, գիտական արդյունքի ապրանքայնացման ցածր մակարդակը, ինովացիոն գործունեության համար համապատասխան պայմանների, գիտական արդյունքների ներդրման արդյունավետ համակարգի դանդաղ ձևավորումը նույնպես խոչընդոտում են ոլորտի զարգացմանը:
Գիտական ներուժի վերարտադրությանը նպատակաուղղված քաղաքականության բացակայությունը հանգեցնում է գիտական կազմակերպություններում և բուհերում գիտական և գիտամանկավարժական կադրերի երիտասարդացման անբավարար մակարդակին: Օրախնդիր է դարձել որակյալ գիտական կադրերի, առաջին հերթին երիտասարդների արտահոսքը գիտության ոլորտից, այդ թվում արտերկիր: Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ծրագրերի խիստ անբավարար ծավալները և երիտասարդ գիտնականների արտահոսքը վտանգավոր սահմանագծի է մոտեցրել ինչպես գիտական դպրոցների պահպանումն ու զարգացումը, այնպես էլ բուհերում որակյալ գիտամանկավարժական կազմի ապահովման հարցը:
Միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցությունը անբավարար է կազմակերպված։ Պետական մակարդակով կոնկրետ և հասցեագրված քայլեր չեն կատարվում Հայաստանում առկա և ձևավորվող գիտական հեռանկարային ուղղությունները արտերկրի նմանօրինակ ուղղությունների հետ ինտեգրելու գործում: Հստակ պաշտպանված չէ գիտնականի հեղինակային իրավունքը և անուշադրության են մատնված գիտական արդյունքի ապրանքայնացման և արտերկրում դրա իրացման հարցերը:
Բացասական երևույթներից են նաև միասնական գիտական տեղեկատվական համակարգի, ոլորտում ժամանակակից գիտատեխնիկական բազայի բացակայությունը, գիտության և կրթության ինտեգրման անբավարար մակարդակը:
Գիտության ոլորտում ստեղծված նմանօրինակ վիճակի հիմնական պատճառներից են պետական բյուջեից ֆինանսավորման չնչին ծավալները (ՀՆԱ-ի մոտավորապես 0,3 տոկոսը) և դրա ցածր արդյունավետությունը: Անգամ պետական բյուջեից ֆինանսավորման բազմաձևության (նպատակային-ծրագրային, բազային, պայմանագրային (թեմատիկ) ներդրման պայմաններում, գիտության ոլորտում ներկայիս առանց այդ էլ խիստ անբավարար ֆինանսական հատկացումները փոշիացվում են, ամբողջովին չծառայելով գիտության զարգացման խնդրին:
Գիտության ոլորտի ներկա վիճակը օրվա հրամայական է դարձրել արդյունավետ գործող, արդիական գիտակրթական համակարգի ձևավորումը Հայաստանում: Գիտության ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը պետական մարմիններից, իշխանության բոլոր օղակներից և հասարակությունից պահանջում է համակարգված կառուցողական գործունեություն: Բարեփոխումների ձախողումը կարող է հարվածի տակ դնել երկրի ապագան:
2. Գիտության ոլորտում առկա խնդիրների առաջնահերթ լուծումները
Գիտության ոլորտում բարեփոխումների հիմնական նպատակն է գիտելիքի վրա հիմնված տնտեսության և հասարակության ստեղծումը, որում վճռորոշ դերակատարություն պետք է ունենա պետությունը:
Գիտական ոլորտի բարեփոխումները պետք է ընթանան մի կողմից գիտական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և ենթակառուցվածքների արդիականացման ու կատարելագործման, մյուս կողմից ըստ գիտության գերակա ուղղությունների գիտական կազմակերպությունների աշխատանքների նորովի կազմակերպման, գիտական կադրերի նպատակային պատրաստման և տեղաբաշխման, նրանց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Գիտության ոլորտի բարեփոխումների բարդ և բազմակողմ խնդրի մանրամասնեցված ծրագրավորումը և իրականացվող միջոցառումների ու մեխանիզմների մշակումն ու օգտագործումը կպահանջի այդ գործընթացների բարձրորակ կառավարում` ոլորտի առանձնահատկություններին համապատասխան մոտեցումների կիրառությամբ և կառավարման բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կադրերի օգտագործմամբ:
Դրա համար առաջնահերթ անհրաժեշտ է.
· ձևավորել գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգ,
· զգալիորեն ավելացնել գիտության ֆինանսավորման ծավալները, հստակեցնել ֆինանսավորման ձևերը և մեխանիզմները, բարձրացնել ֆինանսավորման արդյունավետությունը,
· բարձրացնել գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը,
· ապահովել գիտական ներուժի արդյունավետ, նպատակային վերարտադրությունը,
· արդիականացնել, որոշ դեպքերում նաև ստեղծել գիտության ոլորտի նոր ենթակառուցվածքներ, նյութատեխնիկական բազա, ապահովել գիտնականներին լիարժեք գիտական տեղեկատվությամբ,
· ստեղծել գիտության ոլորտի գիտական անկախ փորձաքննության արդյունավետ համակարգ,
· հստակեցնել գիտության գերակա ուղղությունները,
· ապահովել գիտության և կրթության ինտեգրումը,
· նպաստել գիտական արդյունքի ապրանքայնացմանը և դուրսբերմանը ներքին և արտաքին շուկա:
1. Գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգի ձևավորում
Գիտության ոլորտի պետական կառավարման միասնական համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է գիտության ոլորտի կառավարման բոլոր մակարդակներում իրականացնել գործառույթների ճշգրտում ու հստակեցում: Այդ ուղղությամբ առաջնահերթ քայլերից է գիտության ոլորտի կառավարման համակարգի, դրա մեխանիզմների արդիականացումը, պետական պատվերի ձևավորման ու տեղադրման, գիտական հետազոտությունների կազմակերպման, գիտական արդյունքի ստացման ու ներդրման մեխանիզմների հստակեցումը և հասցեականացումը: Այդ մեկնակետով է, որ պետք է քննարկել պետական կառավարման լիազոր մարմնի կարգավիճակը և գործառույթները, որը հանդես է գալու ՀՀ Կրթության և գիտության նախարարության համակարգում որպես պետական կոմիտե: Այդ մարմնին է վերապահվելու գիտության ոլորտում պետական քաղաքականության մշակումը ու իրականացումը: ՀՀ վարչապետին կից կազմավորվող գիտության և տեխնոլոգիաների խորհուրդը պետք է քննարկի և հաստատի գիտության ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, լուծի այդ քաղաքականության իրականացման գործում համադրման խնդիրները:
2. Գիտության ֆինանսավորման ծավալների ավելացում, ձևերի հստակեցում, ֆինանսավորման արդյունավետության բարձրացում
Գիտության ֆինանսավորման ծավալների ավելացումը սերտորեն կապված է ՀՀ միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառված, հայեցակարգային դրույթներից բխող համապատասխան ծրագրերի իրագործման հետ: Այդ աճը կապահովվի գիտության ոլորտում հաջող իրականացված բարեփոխումներին համընթաց ՀՆԱ-ի նկատմամբ ՀՀ պետական բյուջեից գիտությանն ուղղված միջոցների էական և կտրուկ աճով: Արտաբյուջետային միջոցները գիտության մեջ ներգրավելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ներդրումային բարենպաստ միջավայր:
Անհրաժեշտ է նաև օրենսդրորեն ամրագրել և իրականացնել համաֆինանսավորման սկզբունքը, ինչը հնարավորություն կընձեռի համադրել և կանոնակարգել արտերկրից և տարբեր միջազգային կազմակերպություններից լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավումը գիտության ոլորտ: Դրա համար անհրաժեշտ է հիմնարար և կարևորագույն կիրառական նշանակություն ունեցող գիտական հետազոտությունների ծրագրերի և գիտական թեմաների ֆինանսավորումը մրցութային կարգով իրականացնել պետության կողմից ստեղծված գիտական հիմնադրամի միջոցով: Անհրաժեշտ է մշակել գիտության զարգացման միջազգային, տարածաշրջանային ծրագրեր և ակտիվորեն մասնակցել դրանց իրականացմանը, ապահովել գիտական սփյուռքի հետ սերտ շփումներ, երկարաժամկետ համատեղ ուսումնասիրություններ իրականացնել, կազմակերպել սեմինարներ և ամառային դպրոցներ և այլն: Կարևոր է ինտեգրումը եվրոպական գիտական տարածք: Ինտեգրման գործառույթների իրականացման համար պետության առջև լուրջ խնդիրներ են առաջանումգիտության կազմակերպման նոր մոդելի, ֆինանսավորման նոր մեխանիզմների, միմյանց կրկնող գիտական կազմակերպությունների նկատմամբ կազմակերպչական նոր մոտեցումների մշակման և իրականացման տեսակետից:
Անհրաժեշտ է մշակել նաև գիտական ծրագրերի և թեմաների ֆինանսավորման այնպիսի մեխանիզմներ, որով բացառվի պետության կողմից տրվող առանց այն էլ սուղ միջոցների փոշիացումը: Պահպանելով ֆինանսավորման բազմաձևությունը, այն պետք է իրականացվի բացառապես մրցութային կարգով, ծրագրային հիմնավորման սկզբունքով և հասցեագրված: Այդ նպատակով անհրաժեշտ է կատարելագործել պետբյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման ձևերը, հստակեցնել դրանց չափանիշները և մեխանիզմները՝ ապահովելով համապատասխան չափորոշիչներով միջոցների հասցեագրված հատկացումը, պատասխանատվության սահմանումը:
· Բազային ֆինանսավորումը պետք է իրականացվի գիտակազմակերպչական ու հիմնարար և կարևորագույն կիրառական հետազոտական ծրագրեր իրականացնող գիտական կազմակերպությունների (գիտական ինստիտուտներ, կենտրոններ) և գիտակրթական ենթակակուցվածքների (լաբորատորիաներ, այդ թվում նաև բուհերի) պահպանման և զարգացման նպատակով, ինչպես նաև առանձին եզակի և կոլեկտիվ օգտագործման բնույթ ունեցող սարքավորումների ձեռքբերման համար, մրցութային կարգով՝ ըստ գիտության գերակա ուղղությունների:
· Պետական նպատակային ծրագրային ֆինանսավորումը պետք է իրականացվի համապետական նշանակության ռազմավարական ծրագրերի շրջանակներում, գիտական և գիտատեխնիկական հիմնավորմամբ հետազոտական ծրագրերի ձևով: Նպատակային ծրագրային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը պետք է առավելապես կիրառական բնույթի լինեն և առաջադրվեն համապատասխան գերատեսչությունների կողմից: Նպատակային ծրագրային ֆինանսավորման կարգը անհրաժեշտ է լրամշակել և համապատասխանեցնել պետության կողմից առաջադրված խնդիրների լուծմանը:
· Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը պետք է վերածվի իրական շնորհային համակարգի : Պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը կոչված է գիտության գերակա ուղղությունների շրջանակներում ապահովելու առանձին արդիական հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծումը, որոնք կարող են հանգեցնել նոր գիտական հետազոտությունների կամ գիտատեխնիկական մշակումների:
Դեպի սկիզբ
3. Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում
Տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ այժմ գործող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացումը հնարավոր է միայն դրանցից յուրաքանչյուրի աշխատանքը նպատակաուղղելով գիտության վերը նշված հիմնական գործառույթներից որևէ մեկի հասցեագրված կատարմանը: Գիտական կազմակերպությունը կգործի և բազային ֆինանսավորում կստանա հասցեագրված գործառույթը կատարելու համար:
Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով առաջնահերթ անհրաժեշտ է իրականացնել գիտական կազմակերպությունների գիտական և նյութական գույքագրում: Այնուհետև անհրաժեշտ է իրականացնել համապատասխան կառուցվածքային (ինստիտուցիոնալ) բարեփոխումներ: Անկախ գերատեսչական պատկանելության անհրաժեշտ է միավորել միևնույն գիտական ուղղության պետական գիտական կազմակերպությունները, ստեղծելով հիմնադրամի կազմակերպաիրավական կարգավիճակով գիտական կենտրոններ (դրանցում առանձին ֆինանսատնտեսական և կազմակերպաիրավական ինքնուրույնություն ունեցող ստորաբաժանումների գործունեության ապահովմամբ, գիտական կենտրոններում ժամանակակից մենեջմենթի արմատավորմամբ):
Գիտական կազմակերպություններում, այդ թվում նորաստեղծ կենտրոններում, անհրաժեշտ է հստակեցնել տնօրենի և գիտական խորհրդի իրավասություններն ու պարտականությունները, դրանցում մի կողմից արմատավորելով ժամանակակից մենեջմենթը (գործադիր տնօրենի պաշտոնի արժեքավորմամբ, վարչական ղեկավար պաշտոններում նշանակվածների նկատմամբ ռոտացիայի սկզբունքի կիրառմամբ, դրանցում առանձին ֆինանսական, տնտեսական և կազմակերպական ինքնուրույնություն ունեցող ստորաբաժանումների գործունեության ապահովմամբ), մյուս կողմից վարչական ազդեցությունից հանելով գիտական քննարկումների ու որոշումների ընդունման գործառույթները՝ գիտական խորհրդի ղեկավարումն իրականացնելով տվյալ ուղղության գիտական ղեկավարի միջոցով:
Անհրաժեշտ է հստակեցնել բուհերում գիտական ստորաբաժանումների կազմակերպաիրավական և ֆինանսատնտեսական կարգավիճակը, ապահովելով ֆինանսատնտեսական գործունեության որոշակի ինքնուրույնություն և որոշ դեպքերում տալով նրանց իրավաբանական անձի կարգավիճակ: Որոշ գիտական կազմակերպությունների հիման վրա կարելի է ստեղծել գիտատեխնոլոգիական և ինովացիոն տիպի կազմակերպություններ (տեխնոպարկեր, բիզնես-ինկուբատորներ, տեխնոլոգիաների փոխանցման կենտրոններ և այլն): Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան կարելիության կենտրոն, որը պետք է ապահովի գիտական կազմակերպություններին և առանձին գիտնականներին իրավական օգնության տրամադրումը, աջակցի գիտական արդյունքի արտահանմանը ներքին և արտաքին շուկա և այլն:
ՀՀ ԳԱԱ-ի կազմակերպաիրավական կարգավիճակը և իրավասությունները կձևակերպվեն «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքում՝ առանձին բաժնով: Այստեղ կհստակեցվեն պետության կողմից ՀՀ ԳԱԱ-ին պատվիրակվող լիազորությունները և իրավասությունները, կկանոնակարգվեն ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և համակարգի գիտահետազոտական կազմակերպությունների փոխհարաբերությունները, կձևավորվեն ՀՀ ԳԱԱ-ի որպես կառավարության և պետական կառավարման այլ մարմինների խորհրդատուի լիազորությունները, վերապահելով ՀՀ ԳԱԱ-ին գիտության պարբերական գնահատումների և փորձագիտական որոշ գործառույթների իրականացումը:
4. Գիտական ներուժի վերարտադրության ապահովում
Գիտական ներուժի վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է կարճ ժամկետում իրականացնել գիտական ներուժի վերլուծություն, գիտական կադրերի պահանջարկի ուսումնասիրում և գնահատում: Գիտական ներուժի հաշվառման և արդյունավետ օգտագործման նպատակով անհրաժեշտ է ստեղծել ազգային բանկ, ներառելով դրանում նաև արտերկրում գործող հայ գիտնականների տվյալները: Միաժամանակ անհրաժեշտ է մշակել գիտական ներուժի զարգացման ծրագիր, որը առաջնահերթ պետք է ուղղված լինի գիտական կադրերի երիտասարդացմանը: Միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար անհրաժեշտ է ներդնել հատուկ պայմանագրային համակարգ, որով հնարավորություն կընձեռվի նրանց համար առավել բարձր վարձատրության պայմաններ ապահովել: Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար անհրաժեշտ է ստեղծել դրամաշնորհների և կրթաթոշակների հատուկ համակարգ, որով կապահովվի գիտական ներուժի երիտասարդացումը և որոշակիորեն կթուլացվի արտահոսքը արտերկիր: Անհրաժեշտ է բարձրացնել գիտական աշխատանքի վարկը, ստեղծել գիտնականների և գիտական աշխատողների կյանքի ու աշխատանքի համար պատշաճ պայմաններ:
Անհրաժեշտ է իրականացնել հետբուհական կրթության բարեփոխումներ, այդ թվում՝ ստեղծել գիտական կադրերի պատրաստմանն ուղղված պետական պատվերի ձևավորման գիտականորեն հիմնավորված համակարգ, վերափոխել ասպիրանտուրայի համակարգը:
Հայաստանի Հանրապետությունում սահմանվելու է գիտական աստիճանաշնորհման երկմակարդակ նոր համակարգ: Այդ համակարգի ներդրումը հետապնդելու է գիտական աստիճանաշնորհման գործընթացի մեխանիզմների հստակեցում և արդիականացում: Հիմնական նպատակն է համալսարանների և գիտական կազմակերպությունների ինքնավարության և ինքնուրույնության ապահովումը, միաժամանակ պահպանելով գիտական աստիճանաշնորհման գործընթացում որակի նկատմամբ պետական վերահսկողությունը:
Ասպիրանտուրայի հետբուհական գիտակրթական ծրագրում կընդլայնվի կրթական բաղադրիչը, այն դարձնելով համադրելի և համընթեռնելի արտերկրում գործող հետբուհական կրթական երրորդ աստիճանի հետ: Ասպիրանտուրայի կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտած և ատենախոսություն պաշտպանած անձին սահմանված կարգով ստեղծված մասնագիտական խորհուրդները կշնորհեն համապատասխան մասնագիտության դոկտորի գիտական աստիճան:
Հետդոկտորական շրջանի գիտական ստեղծագործական ծրագրի պահանջները կատարելուց հետո, սահմանված կարգով հաստատված չափանիշներին համապատասխանելու դեպքում տվյալ մասնագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող գիտնականին կշնորհվի գիտական երկրորդ՝ գիտությունների դոկտորի աստիճան:
Գիտական աստիճանաշնորհման այդ համակարգում իբրև սկզբունք է ամրագրվելու գիտական աստիճանների շնորհումը համալսարանների և գիտական կազմակերպությունների կամ նրանց միավորումների կողմից: Աստիճանաշնորհման գործընթացում որակի վերահսկողությունը և անկախ փորձաքննությունն իրականացնելու է որակի ապահովման պետական մարմինը:
5. Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման անհրաժեշտությունը
Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացումը ենթադրում է առկա նյութատեխնիկական բազայի, այդ թվում՝ թանկարժեք և բացառիկ սարքավորումների գույքագրման, գիտական կազմակերպությունների անձնագրավորման, կադրային ներուժի, ինչպես նաև ոչ նյութական ակտիվների հաշվառման առաջնահերթ իրականացում: Այնուհետև անհրաժեշտ է մշակել և իրականացնել նյութատեխնիկական բազայի արդիականացման պետական նպատակային ծրագիր:
Միաժամանակ անհրաժեշտ է ստեղծել գիտական և գիտատեխնիկական միասնական հիմնարար գրադարանային համակարգ՝ գրադարանների խոշորացմամբ և գրադարանային սպասարկման նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ստեղծել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում գիտավերլուծական, գիտատեղեկատվական և գիտախորհրդատվական համալիր կենտրոն, այդ նպատակով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն»-ը ենթարկել գիտության ոլորտի պետական կառավարման մարմնին: Անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել և զարգացնել միասնական գիտատեղեկատվական ցանցը, ապահովել վերջինիս կապը միջազզային ցանցի հետ, վերափոխել գիտահրատարակչական գործունեությունը՝ միջազգային չափանիշներին գիտական հրատարակությունների համապատասխանության ապահովմամբ, էլեկտրոնային հրատարակությունների իրավական խնդիրների լուծմամբ:
6. Գիտության ոլորտի գիտական փորձաքննության անկախ համակարգի ստեղծում
Առաջնահերթ խնդիր է փորձագիտական անկախ և մշտական գործող համակարգի ձևավորումը և արդյունավետ գործունեության ապահովումը: Անհրաժեշտության դեպքում դրանում պետք է ընդգրկվեն նաև օտարերկրյա փորձագետներ: Այդ համակարգի արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ է մշակել, սահմանված կարգով հաստատել ու անվերապահորեն կիրառել գիտական և գիտատեխնիկական գործունեության գնահատման համապատասխան չափանիշներ: Որպես հիմք կարող են ընդունվել միջազգային պրակտիկայում գործող, մեր երկրում միջազգային դրամաշնորհային հիմնադրամների կողմից կիրառվող գիտական փորձաքննության մոդելները: Առաջին շրջանում գիտական փորձաքննության այդպիսի կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորումը կկատարվի միջազգային դրամաշնորհների միջոցներով:
7. Գիտության և տեխնոլոգիաների գերակա ուղղությունների հստակեցում
Պետական գիտատեխնիկական քաղաքականության առաջնահերթությունների սահմանումը, գիտական ներուժի հնարավորությունների համապատասխան վերլուծությունը հնարավորություն կընձեռի գիտության և տեխնոլոգիաների գերակա ուղղությունների հստակեցման համար: Անհրաժեշտ է սահմանված կարգով հաստատված չափանիշների հիման վրա վերասահմանել գիտության և տեխնոլոգիաների գերակայությունները: Այն ենթադրում է առաջին հերթին ներկայումս հաստատված գիտության գերակա ուղղությունների ցանկի փոխարեն գիտականորեն հիմնավորված նոր ցանկի մշակում և վերահաստատում: Հայագիտությունը որպես պետության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնագավառ պետք է իր առաջնահերթ տեղն ունենա գերակայությունների ցանկում:
Գիտական հետազոտությանների գերակայությունները որոշելիս պետք է ելնել.
· պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական խնդիրներից,
· միջազգայնորեն հեռանկարային հանդիսացող հետազոտական խնդիրներից,
· տվյալ ուղղությամբ գիտական դպրոցի առկայությունից, կամ դրա հիմնադրման հնարավորությունից,
· ազգային անվտանգությունից բխող խնդիրներից:
Գիտական գերակա ուղղությունների սահմանումը պետք է լինի առավելագույնս կոնկրետ և պետք է համապատասխանի թվարկված չափանիշներից մի քանիսին միաժամանակ կամ գոնե մեկին:
Միաժամանակ անհրաժեշտ է մշակել գիտության և տեխնոլոգիաների գերակայություններին համապատասխան իրականացվող գիտական ծրագրերի և թեմաների, այդ թվում նաև ինովացիոն ծրագրերի առաջնային ֆինանսավորման մեխանիզմներ:
8. Գիտության և կրթության ինտեգրում
Գիտության և կրթության ինտեգրումը անհրաժեշտ է կրթությունը մրցունակ և հրապուրիչ դարձնելու, գիտության վերարտադրությունը և տնտեսության կայուն զարգացումը ապահովելու համար: Գիտության և կրթության ինտեգրումը ապահովելու համար անհրաժեշտ է մշակել գիտության և բարձրագույն դպրոցի ինտեգրման ծրագիր: Այդ ծրագրում անհրաժեշտ է նախատեսել համապատասխան գիտական կենտրոններում բուհերի ամբիոններ և ամբիոնների մասնաճյուղերի ստեղծում, պայմանագրային հիմունքներով դրանցում մագիստրատուրայի դասընթացների, ուսանողների պրակտիկայի կազմակերպում: Միաժամանակ անհրաժեշտ է մշակել և ներդնել հետազոտական համալսարանների չափանիշները, առաջատար բուհերը վերափոխել հետազոտական համալսարանների: Այդ նպատակով անհրաժեշտ է որոշ գիտական կազմակերպություններ միավորել համալսարանների հետ:
9. Գիտական արդյունքի ապրանքայնացում և դուրսբերում ներքին և արտաքին շուկա
Առաջնահերթ խնդիր է գիտական արդյունքի ապրանքայնացումը և ընդհանուր առմամբ ազգային ներդրումային (ինովացիոն) համակարգի ձևավորումը և արդյունավետ գործունեությունը: Անհրաժեշտ է հասնել նրան, որ գիտական արդյունքները որպես ապրանք դուրս բերվեն ներքին և արտաքին շուկա: Ըստ էության, անհրաժեշտ է գիտության ոլորտի բոլոր մակարդակներում լուծել առևտրայնացման խնդիրը: Նպատակ ունենալով ապահովել գիտական արդյունքի (այդ թվում՝ տեխնոլոգիաների) ապրանքայնացման խնդրի լուծումը, անհրաժեշտ է իրականացնել.
· գիտական արդյունքների (այդ թվում՝ տեխնոլոգիաների) ապրանքային ձևերի սահմանում՝ դրանց համակարգման համար պատասխանատու պետական կամ պետության մասնակցությամբ կառույցներով՝ ըստ ոլորտների, բնույթի և բնագավառների,
· մտավոր սեփականության օրենսդրության կատարելագործում միջազգային պահանջներին համապատասխան,
· ինովացիոն գործունեության համակարգի ձևավորում և գիտական արդյունքների ներդրման արդյունավետ մեխանիզմների ստեղծում,
· գիտական նորամուծությունների ոլորտում մանր ու միջին ձեռներեցության աջակցության ապահովում, գիտական կազմակերպություններին արտոնյալ վարկեր տրամադրելու համակարգի ստեղծում,
· տեխնոպարկերի` գիտական նորամուծությունների կենտրոնների ստեղծում, այդ թվում պետական գիտահետազոտական կազմակերպությունների հիմքի վրա,
· գիտատեխնիկական ոլորտում վենչուրային ներդրումների խրախուսում,
· նորամուծության ռիսկերի ապահովագրության զարգացում,
· պետության գործունեության ակտիվացում գյուտարարների ստեղծագործական աշխատանքի արդյունքների արտոնագրերի վաճառքի և նրանց գործունեության արդյունքները արտասահմանում պատենտավորելու հարցերում,
· գիտահետազոտական ինստիտուտների մի մասի վերակազմավորում ինովացիոն կազմակերպությունների` զարգացած մարքեթինգային և կոմերցիոն կառուցվածքներով,
Նշված բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է օրենսդրական նորմատիվ իրավական դաշտի համապատասխան կարգավորում: Գիտության առաջընթաց զարգացումն ապահովելու նպատակով, նշված բարեփոխումներին զուգահեռ անհրաժեշտ է մշակել ՀՀ-ում գիտության զարգացման պետական ռազմավարական ծրագիր:
Subscribe to:
Post Comments (Atom)
Hargeli usanoghner!
ReplyDeleteAys pastatughty hanrayin qnnarkman nerkayacvac tught e. Kcankanaji ayn kardayik ev karciqner greik!
EGHEK AKTIV!
Barev dzez @bker Antonyan
ReplyDeleteKardaci ays pastatuxt@. Ankexc asac shat en aragarkner@ bayc nranc hasnelu real aragarkner@ aynqan el hstak chen dzevakerpvac. Nax kuznenayi aradznacnel voroshaki xndirner voronq nshvac ein.
1. finansavorum
2. kadrayin artahosq
3. integrum
4. gyuteri, patentneri sakavutyun ev petakan agakcutyan grete bacakayutyun
5. karavarman hamakargi ardyunavet nerdnum inchu voch naev petakan makardakov
6. giteliqahen tntesutyan stexcum
7. gitakan geraka uxutyunneri hstakecum, vor@ ir hertin karox e berel naev karucvacqayin popoxutyunner
Ajs xndirner@ iroq kariq unen lrjaguyn ushadrutyan, sakayn nrancic cankaci himqum @nkac e finansavorum@. Cavali e iharke vor HNA-i miayn 0,3 %n e hatkacvac ays volortin, sakayn spasel vor eapes kpoxvi petakan agakcutyun@ ayn el nman finasakan chgnajami paymannerum ayqan el real che. Karcum em petq e porcel nergravel masnavor nerdrumneri qanak@, vor@ ir hertin pahangum e hamozich pastarkner, qanzi shahagrgrvacutyun@ shat aveli poqr klini, qanzi sa ayn volortn e vor@ erkar jamanak e pahangum spasveliq ardyunqneri hamar ev baci ayd xist riskayin e . Xndirn ayn e vor voch mi masnavor naev petakan sektor nerdrum chi katari ete chapacucvi vor tvyal gitakan gyut@, patent@ kcarayi azgayin krtutyan, gitutyan hamakargin(masnavor sektori depqum shahuyt kberi avelin qan ayl@ntranqayin nerdrman depqum). Sa ir hertin pahangum e kadreri patrastum, hetagayum nranc hamar paymanneri apahovum HH taracqum gorcelu hamar.
Integrman kariq@ mijazgayin gitakan ev krtakan hamakarg iskapes harkavor e vorpeszi mer tntesutyun@ lini mrcunak. Sa evs xndir e, @nd vorum caxsatar ev jamanakatar.
Shnorhakalutyun:)
Բարև...
ReplyDeleteԿարդալով նյութը` մոտս այն տպավորությունն է ստեղծվում, որ առավել մեծ ուշադրության է արժանանում բարձրագույն կրթությունը:Այնինչ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սկսել ամենաներքևից /նույնիսկ նախադպրոցական/:Բոլորն էլ հասուն տարիքում հանդիպելով դժվարությունների` գիտակցում են կրթության կարևորությունը:Իսկ ինչու դա չանել հենց սկզբից:
Նաև շատ եմ կարևորում մանկավարժների դերը:Այսօր դպրոցում աշխատանքի են ընդունվում այնպիսի մասնագետներ,ովքեր զուրկ են դասավանդելու ձիրքից: Մանկավարժը ոչ միայն պետք է տիրապետի մասնագիտական գիտելիքների, այլ նաև լինի լավ հոգեբան:
Hargeli Elina!
ReplyDeleteUghaki petq e hashvi arnel, vor sa gitakan barepoxumneri hayecakargn e, vor nshanakum e, vor sa tught e miayn ays volorti xndirneri ev dranc barelavman hamar. Isk ays pastatghti arkayutyuny arhasarak knshanaki, vor xndiry petutakan arajnayin qaghaqakanutyunneric e, ev vor ayn karevorvum e vorpes zargacman arajnayi ughi. Sakayn da chi nshanakum, vor hanrakrtakan ( dprocakan) himnaxndirnery arka chen ev dranc barelavman, kargavorman ev verahskman hamar pastatghter chkan. Ete hetaqrqir e, es aystegh kdnem naev ayd volorti zargacman ev kargavorman masov arka pastatghtery!
Հասկանալի է,շնորհակալություն:Եթե տեղադրեք Ձեր ասած նյութը,ապա մեծ սիրով կծանոթանայի:
ReplyDeleteԵս կարծում եմ, որ գիտության զարգացման առաջնահերթությունը, ինչպես Աննան արդեն նշել է, պիտի լինի մասնավոր սեկտորի ներգրավումը:
ReplyDeleteՔանի դեռ ձեռնարկատիրական մշակույթը մեզանում սահմանափակվում է կարճատեւ պլաններով եւ հիմնականում ծառայությունների ոլորտում ծավալած գործունեությամբ, գիտության լուրջ զարգացման մասին խոսել գրեթե անիմաստ է:
Մյուս կողմից, սկսած դիպլոմային աշխատանքներից մինչեւ դոկտորական թեզեր, մենք զբաղվում ենք թեմաներով, որոնք գործնականում քիչ կիրառելի են: Եթե այդ նույն թեմաները առաջարկվեն մասնավոր սեկտորի կամ պետական համակարգի կողմից, կարծում եմ, որ գյուտերը կամ գիտական նորույթները շատ արագ կներդրվեն եւ կունենան սպասված արդյունքները:
Շնորհակալություն:
Անի
Նախ և առաջ ցանկանում եմ նշել մի քանի կարևոր դրույթներ, որոնք իմ կարծիքով մեծ դեր ունեն գիտության ոլորտում հաջողության հասնելու մեջ:
ReplyDeleteԱնհրաժեշտ է, որ պետությունը հստակ պատկերացնի, թե որոնք են լինելու առաջիկա տարիներին Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ուղղությունները (ինչը արդեն արվում է): Շատ կարևոր է, որ գիտության ոլորտում ստեղծված արդյունքները նաև կիրառություն գտնեն տնտեսության իրական հատվածում:
Մեծ նշանակություն ունի նաև հասարակության ճիշտ արժեհամակարգի ձևավորումը, որտեղ մեծ և կարևոր դիրք պետք է ունենա գիտության և կրթության ոլորտը: Սակայն հասկանալի է, որ դա այնքան էլ հեշտ չէ, և երկար ժամանակ է պահանջում:
Համաձայն եմ նյութում նշված դրույթների հետ, սակայն կարծում եմ, որ մինչ որևէ ծրագիր իրականացնելը անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել մի շարք գործոններ, որոնք կարող են ազդեցություն գործել դրանց վրա (ինչպես արտաքին, այնպես էլ ներքին):
Եվ իհարկե պետք է համբերություն և երկաթե կամք ունենալ, այդ բոլորը իրականացնելու և արդյունքները տեսնելու համար:-).
Asem, vor aysor mer gitakan nerujum zgali tiv en kazmum hamematabar aveli tariqov kadrer@, ev hetevabar gitakan neruji zargacman tsragir@ anshusht arajnahert petq e uxxvats lini gitakan kadreri eritasardacman@. Qani vor eritasard kadrer@ aveli mobil en, nranq aveli texekacvats en inovacianeri,gitatexnikakan arajn@acneri ev @ndhanrapes bolor ayn noramutsutyunneri masin voronq texi en unenum ashxarhum, baci dranic nranq ayd amen@ karox en aveli heshtutyamb yuracnel ev kirarel, qan irencic aveli avagner@.
ReplyDeleteBayc aystex mi xndir e arajanum, ayn, vor eritasardnerin motivacnel@ aveli djvar gorts@ntac e irenic nerkayacnum!
Aysor mer petutyan arajnayin xndirneric mekn el piti lini ayn vor chist motivacion mexanizm kirari. aysor bazmativ haytnagortsutyunner en katarvum mer eritasard gitnakanneri koxmic, bayc nranq shat antarber verabermunqi en arjananum,baci dranic ete nranq vacharum en irenc gyut@, dra dimac chen stanum irenc isk cankali gumar@. ev hetevabar nranq aveli shat shahagrgrvats en vor ayn vacharen HH-i sahmanneric durs, vortex iroq gnahatvum e irenc katarats ashxatanq@. Ev ardyunqum menq unenum enq voch miayn stexvats gyuteri artahosq, voronq karox einq kirarel mer tntesutyan zargacman hamar, aylv lurj gitakan potencial unecox kadreri artahosq.....:-(
El inch karcikner kan?
ReplyDeleteԲարև ձեզ: Ակնհայտ է որ գիտության ոլորտը հանդիսանում է առաջնահերթ ցանկացած պետության համար, որն ընտրել է գիտելիքահենք տնտեսություն կառուցելու ուղղին: Իմ կարծիքով մեր գիտության ոլորտում կան առաջընթացներ, օրինակ`2009 թվականի պետական բյուջեում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով հատկացումները կազմել են 8 374 626.9 հազար դրամ, որն 2001 թվականի համեմատությամբ ավելացել է ավելի քան 3 անգամ, բացի այդ ներդրվել է պետական բյուջեից գիտական ծրագրերի և թեմաների մրցութային և ծրագրային ֆինանսավորման համակարգը, կան մի շարք այլ առաջընթացներ, սակայն առկա են նաև մի շարք հիմնախնդիրներ, ինչպես նշված էր զեկույցում առկա նյութատեխնիկական բազան և ենթակառուցվածքները չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը, բացի այդ բացակայում է ներհանրապետական գիտատեղեկատվական միասնական համակարգը` ներառյալ էլեկտրոնային գրադարանների ցանցը և այլն: Իմ կարծիքով գիտության ոլորտի առջև կանգնած հիմնախնդիրներից կարևորագույնը` բարձր որակավորում ունեցող կադրերի արտահոսքն է`գիտության ոլորտից և պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ գիտական նախագծերից շատերը պարզապես չեն ֆինանսավորվում, այս և մի շարք այլ խնդիրներին լուծում կարելի է տալ օրինակ բուհերին և գիտական ինստիտուտներին կից ձեռնարկություններ հիմնելով, որոնց մասին ես խոսել եմ և նյութը այստեղ տեղադրել եմ: Իմ կարծիքով պակաս կարևոր չի նաև այն խնդիրը, որ հասարակական գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը և գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը: Այսինքն շատ կարևոր է նաև հասարակության գիտակցությունում վերականգնել և ամրապնդել գիտության և կրթության արժեքն ու կարևորությունը: Շնորհակալություն:
ReplyDelete