Monday, December 21, 2009

Հետաքրքիր տեղեկություն` Երևանում 2010թ.-ից կգործի «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն»-ը

Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2010թ.-ից Երևանում կգործի «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն»-ը, որն էլ ավելի կխորացնի երկկողմ համագործակցությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում: Կենտրոնի աշխատանքներն կհամակարգեն Հայաստանից «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ը, իսկ Հնդկաստանից` «Հաշվողական առաջատար մշակումների կենտրոն»-ը:

Ինչպես դեկտեմբերի 16-ին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՏՏ ոլորտը երկու երկրներում էլ տնտեսության զարգացող ճյուղերից է, ուստի փորձի, գիտելիքների փոխանակման պարագայում լուրջ հաջողությունների կարելի է հասնել:

Ըստ նախարարի, կենտրոնը գործելու է Երեւանի պետական համալսարանում, սակայն հասանելի է լինելու բոլոր հետազոտողների համար: Այն տեխնիկապես բավական հագեցած է լինելու եւ ունենալու է ծրագրեր, որոնք թույլ են տալու բարդ գիտահետազոտական խնդիրներ լուծել: Կենտրոնը պատրաստելու է ՏՀՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ` հայկական շուկայում ներդրումներ ներգրավելու նպատակով: Բացի դրանից, նախատեսվում է կազմակերպել վկայագրման կարճաժամկետ դասընթացներ կիրառական համակարգչային ծրագրերի, ինչպես նաեւ առաջատար հաշվողական համակարգերի գծով ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի երկրների մասնագետների համար: Կենտրոնում կանցկացվեն նաեւ կառավարման եւ տեխնիկական թեմաներով կարճաժամկետ դասընթացներ:

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոտրան նշեց, որ ՏՀՏ ոլորտում Հնդկաստանը վերջին 20 տարիներին արձանագրել է զգալի առաջընթաց: «Այս նախագիծը Հնդկաստանի կառավարության որդեգրած քաղաքականության մի մասն է` փորձի փոխանակում զարգացող երկրների հետ: Մենք պատրաստ ենք Հայաստանի համար լինել վստահելի գործընկեր, ցանկանում ենք ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները: Ես լիովին համոզված եմ, որ այս նախագիծը կիրականանա նախանշված ժամկետներում եւ երկար կյանք կունենա»,- ընդգծեց Ա.Կ.Մալհոտրան:

«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ»-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ 2010թ.-ի հունվարին վերապատրաստման նպատակով Հայաստանից դասախոսներ կմեկնեն Հնդկաստան, որից հետո նրանք վերապատրաստման դասընթացներ կանցկացնեն Հայաստանում տեղի մասնագետների համար: Բացի այդ, Հնդկաստանից 3 մասնագետներ մեկ տարի կգտնվեն Հայաստանում եւ կաջակցեն կենտրոնի ստեղծմանն ու կայացմանը: Կենտրոնի տեխնիկայի մատակարարման գործընթացը կսկսվի մարտից, իսկ սեպտեմբերին Հնդկաստանից կվերադառնան վերապատրաստված հայ մասնագետները: Ըստ Բ.Գնգիբարյանի, եթե բոլոր աշխատանքները ժամանակին ընթանան, ապա հոկտեմբերից կենտրոնը կգործի:

4 comments:

  1. Բարև, Մարիաննա
    Հետաքրքիր է, իսկ ֆինանսավորումը ում կողմից է իրականացվելու?Հայաստանի կամ Հնդկաստանի կառավարությունների, թե...

    ReplyDelete
  2. shat hetaqrqir mtahaxacum e mnum e vor ayn ir bun npatakin tsarayi...

    ReplyDelete
  3. hamadajn em ev ankext asat kartumemvor khasni

    ReplyDelete