Tuesday, December 8, 2009

Հետազոտական համալսարանի դերը ՀՀ-ում

Հետազոտական համալսարանի դերը ՀՀ-ում
Հետազոտական համալսարանների ստեղծման գաղափարը պատկանում է գերմանացի Հումբոլդին:
1809 թվականին Բեռլինում ստեղծվեց նոր տիպի համալսարան, որտեղ ավելի քիչ մարդ էր ուսանում, քան գործող համալսարաններում:
Նոր տիպի համալսարանի կարևոր սկզբունքներն էին`
1. ակադեմիական ազատություն,
2. հետազոտական աշխատանքների գերակայություն,
3. բարձրակարգ գիտնականների պատրաստում:
Եթե դարասկզբին ավանդապաշտ Եվրոպայում դրանք մեծ տարածում չգտան, ապա ԱՄՆ-ում, ուր կրթության ու գիտության նկատմամբ կար դեմոկրատական մոտեցում՝ այս մոդելը շատ արագ ներմուծվեց և ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. Միացյալ Նահանգները համարձակ էր ամեն մի նորամուծության կիրառմամբ, և հսկայական քայլերով զարգացող արդյունաբերությունն ու տնտեսությունը արտադրության հետ կապված գործուն գիտնականների շերտ ստեղծելու պահանջարկ առաջացրին, որն ապահովելու էր կրթություն-գիտություն-գիտական արտադրանք համակարգված շղթան:

Վերջերս հաճախ է խոսվում հետազոտական համալսարանների մասին: Աշխարհի զարգացած երկրներում այս համալսարաններն արդեն կայացած, գործող օղակ են երկրի կրթության, գիտության և արտադրության շղթայական համակարգում: Փորձենք պարզաբանել, թե ինչ է հետազոտական համալսարանը, ինչով է այն տարբերվում մեր պատկերացրած դասական համալսարանից և ինչ գործառույթներ է իրականացնում:
Հետազոտական համալսարանները կառույցներ են, որոնք բավական հաջողությամբ կարողանում են ինտեգրել գիտությունը, կրթությունն ու արտադրությունը: Նման համալսարանների ստեղծման գաղափարն առաջացել է 19-րդ դարում: Ի՞նչն էր դրանց ստեղծման իմաստը. մինչ այդ և այժմ էլ գործում է հայտնի դասական համալսարանների մոդելը, որ դեռ շատ վաղուց ստեղծվել էր Եվրոպայում, բայց գիտության, տեխնիկայի զարգացմանը, արդյունաբերության մեջ նոր տեխնոլոգիաների ներմուծմանը զուգահեռ` նոր տիպի համալսարանների ստեղծման անհրաժեշտություն էր առաջանում: Պետք է ստեղծվեր մի կառույց, որտեղ հնարավոր լիներ մասնագետների (հիմնականում՝ տեխնիկական ուղղության) պատրաստման մեխանիզմներ ունենալ: Սրանք այն համալսարաններն են, որոնք անմիջականորեն կապված են արտադրությանը, կամ, ավելի ճիշտ՝ նրանց դերը այս կամ այն խնդրի լուծման ռացիոնալ ուղիներ ու լուծումներ գտնելն է: Այդ լուծումները պրակտիկ կյանքում կիրառելն է: Այս համալսարաններում ձևավորվում է նաև արտադրության հետ անմիջականորեն առնչվող գործող գիտնականների մի շերտ, որ հեշտությամբ գիտությունը ինտեգրում է հասարակությանը: Սա էր հետազոտական համալսարանների հիմնական գաղափարը:
* * *
ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք երկրների հետազոտական
համալսարանների թիվը` 2000 թվականի տվյալներով
ԱՄՆ- 260 (ամենահայտնիները առաջին 100-ն են, այդ թվում՝ Հարվարդ, Թեխասի համալսարան, Մասաչուսեթս, Սթենֆորդ և այլն) Գերմանիա- 70 (ամենահայտնիները՝ Բեռլինի Հումբոլդի անվան, Բրեմենի, Յենի, Լայպցիգի համասարանները և այլն)
Մեծ Բրիտանիա- 73 (Քեմբրիջ, Օքսֆորդ, Լոնդոնի Imperial College, Յորքի, Բրիսթոլի, Նոթինգհամի համալսարանները)
Իսպանիա- 41 (Մադրիդի, Սանտյագոյի, Բարսելոնայի, Կորդովայի համալսարանները)
Ռուսաստանի Դաշնություն- 2 (ԾԼՂԼ, ԾԼհԼհ)
Իսրայել-Թե Ավիվի հետազոտական համալսարանը
* * *
Այսօր Միացյալ Նահանգներում ավելի քան 4000 համալսարան կա, որոնցից դասական հետազոտական համալսարանի կարգավիճակ ունի մոտավորապես 260-ը: Կրթության համար դաշնային բյուջեով նախատեսված գումարի 95%-ը ուղղվում է դրանց:
Թե ի՞նչ է հետազոտական համալսարանը և ինչո՞վ է այն տարբերվում դասական համալսարանի մոդելից` փորձենք բացատրել ԱՄՆ համալսարանների օրինակով:
Հետազոտական համալսարանների ամենակարևոր բաղադրիչը, դրանք բնութագրող չափորոշիչը գիտահետազոտական ինստիտուտների առկայությունն է: Հնարավոր չէ պատկերացնել հետազոտական համալսարան, որում ընդգրկված չեն մի շարք հետազոտական ինստիտուտներ: Կապված հետազոտական համալսարանի տեսակից՝ բյուջեում կրթական ծրագրերի վրա ծախսվող գումարները կազմում են 30-40%, որոշ համալսարաններում, նույնիսկ, ավելի քիչ՝ 15-20%: Մնացած գումարները տրամադրվում են հետազոտական, գիտական թեմաներին:
Կան հետազոտական համալսարանների մի շարք առանձնահատկություններ. նախ՝ դասախոս-ուսանող հարաբերակցությունը այստեղ 1/5 է, այսինքն՝ 5-6 ուսանողի հետ մեկ դասախոս է պարապում: Դասական համալսարաններում այդ հարաբերակցությունը 1/12-14 է՝ կապված համալսարանի տեսակից: Այս համալսարաններում հիմնականում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն է իրականացվում, մինչդեռ սովորականներում բակալավրական և մագիստրոսական: Դրանց բնութագրող մեկ այլ չափորոշիչն էլ այն է, որ դասախոսական կազմում հիմնականում գործող գիտնականներ են, այսինքն՝ ռեալ գիտությամբ զբաղված պրոֆեսորներ, որոնք ընտրվում են մրցույթով, ընդ որում՝ միջազգային: Հետազոտական համալսարանների պրոֆեսորները ոչ միայն տվյալ պետության, այլև այլ երկրների փորձառու, ճանաչված գիտնականներ կարող են լինել: Այդ համալսարաններում պերմանենտ հաստիքները բավական փոքր թիվ են կազմում, այսինքն՝ դասախոսական կազմի 10-15%-ն են հիմնական աշխատողներ, մնացածը՝ հրավիրված կամ մրցույթով անցած մասնագետներ են: Այդ դասախոսներն աշխատում են պայմանագրով, ու ժամկետը լրանալուց հետո, եթե ծրագիրն ավարտված է, այլևս չեն աշխատում:
Հետազոտական համալսարաններում մագիստրոսական ծրագրերը շատ դինամիկ են. ասենք՝ որևէ ուղղվածության մագիստրոսական ծրագիրը երկու տարի գործում է, բայց հետո, եթե կոնկրետ այդ ծրագրով պատրաստվող մասնագետների պատվեր չկա, այն փակվում է, և կարող են բացվել այլ ծրագրեր: Այսինքն՝ հետազոտական համալսարաններում կրթական ծրագրերը շատ արագ փոփոխում են՝ կախված շուկայի պահանջներից: Հետազոտական համալսարաններում հետազոտականի բաղադրամասը կրթականի նկատմամբ մի քանի անգամ ավելի է, օրինակ, մագիստրոսական հետազոտական ծրագրերը ծավալով 4-5 անգամ գերազանցում են կրթականին: Այսինքն՝ կրեդիտների առյուծի բաժինը հետազոտական ծրագրերին է հատկացվում: Հետազոտական համալսարանները անպայման պետք է ունենան բիզնես-ինկուբատորներ կամ տեխնոպարկեր: Հետազոտական համալսարաններին ինտեգրված են տարբեր տեսակի ֆիրմաներ, դրանք տեղում՝ համալսարանի ներսում, և արդյունաբերության այս կամ այն ճյուղի, կոնկրետ ոլորտում աշխատելու համար մասնագետի պատվեր են տալիս (այդ պատվերի համար, նույնիսկ, վճարում են):
* * *
ԱՄՆ գիտնականների դոկտորական աստիճանաշնորհման 60%-ը վերապահվում է երկրի առաջին 50 հայտնի համալսարաններին:
* * *
Միացյալ Նահանգներում գիտական աստիճանաշնորհումն իրականացվում է հետազոտական համալսարաններում: Այսինքն՝ գիտության դոկտորի աստիճան, պրաֆեսորի կոչում և այլն, շնորհում են այս համալսարանները: Սա մի կառույց է, որտեղ անմիջապես գիտություն-կրթություն կապն է ապահովվում և կարգավորվում է գիտություն-կրթություն-արտադրություն շղթան: Դինամիկ, մի շատ ճկուն համակարգ է, որտեղ բյուջեի զգալի մասը, արդեն նշեցի, ծախսվում է գիտություն-արտադրություն կապը խթանելու համար:
Այսօրվա մեր համալսարանները խորհրդային ժամանակներից ժառանգածներն են, որոնք կառուցվածքով, բովանդակությամբ արմատապես տարբերվում են հետազոտական համալսարաններից: Շատ երկրներում (նաև հետխորհրդային, որոնց թվում՝ Ռուսաստանում) հիմա հետազոտական համալսարանների ձևավորման կարգն ու չափորոշիչները հաստատում է կառավարությունը: Ռուսաստանը հետազոտական համալսարաններ ստեղծելու ինտենսիվ գործընթաց է սկսել և լուրջ աշխատանքներ է իրականացնում: Հետազոտական համալսարանների մագիստրոսական թեզերը հիմնականում հետազոտական օրիգինալ աշխատանքներ են, շատ հաճախ դրանք վերածվում են ինովացիոն ծրագրերի, այսինքն՝ ասպիրանտներին և մագիստրոսներին տրվում են կուրսային, դիպլոմային աշխատանքներ այնպիսի խնդիրներով, որտեղ առկա են ինովացիոն չափորոշիչներ: Օրինակ, Միացյալ Նահանգներում մագիստրոսական թեզերի մոտավորապես կեսը, հետագայում դառնալով գիտատար ապրանք, մտնում է արտադրություն: Այնտեղ թեզերը, դիպլոմային աշխատանքները, գիտական լուրջ հետազոտություններ են՝ անպայման ինովացիաներ պարունակող, ոչ թե ստանդարտ, շաբլոն թեմաների (ինչպես դա մեզ մոտ է արվում) ուսումնասիրություն: Վերջին 20 տարում Հայաստանում այս ոլորտի աշխատանքները հիմնականում աբզորային բնույթ ունեն, այսինքն՝ ուսումնասիրում են տվյալ ոլորտում ինչ հետազոտություններ են եղել, իսկ այնտեղ` կոնկրետ, օրիգինալ, նորարարական աշխատանքներ են:
Այսպիսով, հետազոտական համալսարանների հիմնական բնութագրիչները սրանք են:
Հետազոտական համալսարանները բավականին ինքուրույն են. ծրագրերն իրենք են որոշում, թեև, բնականաբար, պետական միջամտություն կա, որովհետև կրթական ծրագրերում կան այնպիսի առարկաներ, որոնց մեջ քաղաքականություն կա, և պետական կառույցները պետք է տեղյակ լինեն, որ այդ ծրագրերը չեն հակասում երկրի քաղաքականությանը: Ինչ վերաբերում է տեխնիկական մասնագիտություններին, ծրագրերն՝ իրենց ժամանակացույցով, հիմնականում որոշում է բուհը: Շատ կարևոր է անձնակազմի որակավորումը, դրան առանձնակի ուշադրություն են հատկացնում և կարևորում: Հիմնական կազմում աշխատող դասախոսների որակավորման բարձրացումը համալսարանի ուշադրության կենտրոնում է. նրանց պարբերաբար ուղարկում են այլ համալսարաններ՝ փորձի փոխանակման: Ռուսաստանում մի քանի ինստիտուտներ կան, որոնք հետազոտական համալսարանների որոշակի չափորոշիչներին համապատասխանում են: Դրանցից МИФИ-ն, ФИЗТЕХ-ը, МИСИС-ը հետագայում լուրջ հետազոտական համալսարաններ դառնալու հավակնություններ ունեն: Թեև МГУ-ն էլ բավականին հզոր է և կարող է հետազոտականի հիմք լինել, բայց իր կանոնակարգային օրենքներով խիստ տարբերվում է հետազոտական համալսարանի մոդելից: Իսկ վերը նշված ինստիտուտներն իրենց կառույցով ավելի մոտ են հետազոտական համալսարաններին և հեշտությամբ կարող են ինտեգրվել այդ գաղափարին: Առաջին և հիմնական գործոնը, որ անհրաժեշտ է հետազոտական համալսարանին՝ տեխնոպարկն է. չկա մի այդպիսի համալսարան, որ տեխնոպարկ չունենա:
Արտասահմանում հետազոտական հիմնարկների տերերը շատ հաճախ լինում են նաև ամբիոնների վարիչներ, որովհետև, ասենք, մի ղեկավար և՜ կրթական, և՜ գիտական խնդիրների համակարգողն է: Այսինքն՝ ամբիոններ կան, որ մի քանի ինստիտուտներ են ընդգրկում իրենց կազմում:
* * *
Մասաչուսեթսի համալսարանը ներառում է բազային ավելի քան 300 արտադրական կազմակերպություն:
* * *
Տեխնոպարկը շահագրգիռ մի շարք ֆիրմաների, հիմնարկների, օֆիսների կառույց է, որոնց մտահոգությունը նոր ինովացիաների ներդրումն է արտադրություն և շուկայում առաջինների թվում լինելու առողջ մրցակցությունը:
Դրանից ելնելով՝ իրենց ոլորտի համար կոնկրետ մասնագետի պատվեր են տալիս, որոնց գիտական «պատրաստումն» արդեն հետազոտական համալսարանների գործն է:
Տեխնոպարկի գործառույթների մեջ է նաև ինովացիոն աշխատանքների առևտրայնացման հարցը: Այսինքն՝ եթե դու ինովացիոն բնույթի գիտական արդյունք ունես, տեխնոպարկերի միջոցով հնարավոր է առևտրայնացնել: Ֆիրմաները, որոնք տեխնոպարկերում ունեն գրասենյակներ, ոչ միայն կարող են ինովացիոն բնույթի աշխատանքներն իրենց հիմնարկներում կամ արտադրությունում օգտագործել, այլև զբաղվում են տեխնոլոգիաների տրանսֆերով:
Տեխնոպարկի մոդել մենք արդեն ունենք Հայաստանում, բայց այն մեզ մոտ դեռ սաղմնային վիճակում է, դեռ զարգացման բավական երկար ճանապարհ ունի անցնելու:
Այն պետք է ունենա կրթական շատ լուրջ ավանդույթներ, պետք է արդյունաբերական կենտրոններին մոտ գտնվի, որպեսզի ֆիրմաների ներկայացուցիչներին հարմար լինի, մոտ լինի ավտոմայրուղիներին և այլն: Այսինքն՝ կան մի շարք օբյեկտիվ գործոններ՝ տեխնոպարկերի ստեղծման համեմատաբար ռացիոնալ տեղ ընտրելու կամ դրանց հստակ աշխատելու համար, ինչը, սակայն, Գյումրիի տարբերակում չի կարելի տեսնել: Տեխնոպարկերը հիմնականում բնական, տեխնիկական գիտություների ոլորտներում ընդգրկվող կառույցներ են, որովհետև արդյունաբերության համար այդ գիտություններն են խթանիչ: Թեև հումանիտար ոլորտներում էլ կարելի է տարբերակներ մտածել, ինչպես, ասենք, հայագիտության ասպարեզում: Գուցե հնարավոր լինի տեխնոպարկում ընդգրկել նաև հայագիտական արժեքների առևտրայնացումը: Մենք ունենք պատմամշակութային բավական հետաքրքիր ժառանգություն, որը կարելի է միջազգայնացնել: Չի բացառվում, որ ապագայում հիմնվելով հայկական համայնքի կապերի վրա, ունենանք նաև նման կապերի գրասենյակ: Եթե այլ երկրների գիտնականները ցանկություն ունենան մեր մշակութային թեմաներով ավելի լուրջ զբաղվել, տեխնոպարկի համապատասխան գրասենյակների միջոցով կարելի է մեծ գումարներ վաստակել: Փորձենք քննարկել, թե որքանով է Հայաստանը պատրաստ ունենալու հետազոտական համալսարաններ, և որոնք են դրանց ստեղծման անհրաժեշտ ու բավարար պայմանները:
Հետխորհրդային պետություններում հետազոտական համալսարաններ ստեղծելու մի քանի տարբերակ կա:
Տարբերակ առաջին
Այս տարբերակը որևէ բուհի բազայի վրա հետազոտական համալսարան ստեղծելն է, որը գործունեությամբ, տեխնիկական բազայով պետք է մոտ լինի հետազոտական համալսարանի պահանջներին: Օրինակ՝ ԵՊՀ-ն բնագիտական բավականին հզոր թև ունի, և, սկզբունքորեն, դրա բազայի հիման վրա, օգտագործելով ակադեմիական, ճյուղային, բազային ինստիտուտները, հնարավոր է ստեղծել հետազոտական համալսարան: Բայց հետազոտականի մյուս չափորոշիչները՝ դասախոսների միջազգային մրցույթներով ընտրությունը, տեխնոպարկի ստեղծում-կիրառումը, դասախոս-ուսանող հարաբերակցությունը և այլ շատ բաներ, որոնք կազմավորված ու ավանդույթներ ունեցող բուհերում չկան, կդժվարացնեն այս տարբերակով Հայաստանում հետազոտական համալսարան ստեղծելը: Հնարավոր է նաև, ասենք, ճարտարագիտական համալսարանի բազայի վրա ստեղծել, որն, իհարկե, ավելի դժվար տարբերակ է: Մեկ ինստիտուտի ներուժը բավարար չէ հետազոտական-գիտական կառույց ստեղծելու համար: Այս տարբերակի համար ֆինանսական ներդրումները ևս մեծ կլինեն: Բացի այդ, մարդկանց, որոնք տարիներով սովոր են նույն աշխատաոճին, դժվար է նոր պայմաններին ընտելացնել: Այդպիսիք չեն կարող հետազոտական համալսարանի պահանջները բավարարող աշխատանքային տեմպին ու նորմերին համընթաց շարժվել:
Հասկանալի է, որ գիտությունը խթանելու համար շատ մեծ գումարներ են անհրաժեշտ: Չի թվում, որ ԵՊՀ-ն կամ ճարտարագիտական համալսարանը իրենց աշխատած գումարների, ասենք, 70 տոկոսը ծախսեն գիտության վրա: Այդ է պաճառը, որ, այս տարբերակը, թեև հնարավոր, բայց Հայաստանի համար ոչ իրատեսական է համարվում:
Տարբերակ երկրորդ
Հետազոտական համալսարաններ ստեղծելու 2-րդ տարբերակը` զրոյից ստեղծելն է: Հայաստանում ունենք կադրային ուժեղ բազա, գիտությամբ լուրջ զբաղվող մասնագետներ (Հայաստանում շուրջ 1200-1300 բարձր վարկանիշ ունեցող գիտնական կա, իսկ սա փոքր թիվ չէ մեր երկրի համար), գիտահետազոտական ինստիտուտներ: Պետք է կառուցվեն համալսարանական մասնաշենքեր, ստեղծվի տեխնոպարկ, ընտրվի մշտական աշխատակազմ և այլն: Սա նույնպես հնարավոր, բայց դարձյալ Հայաստանի համար շատ ժամանակատար, դժվար ու թանկ տարբերակ է: Մոտավոր հաշվարկներով՝ այս տարբերակը կյանքի կոչելու համար կպահանջվի ոչ պակաս, քան 10 տարի և կարժենա ոչ քիչ, քան մեկ միլիարդ դոլար, որպեսզի կարողանանք ստեղծել առաջնային անհրաժեշտության ենթակառուցվածքները: Դժվար թե Հայաստանը պատրաստ լինի այս տարբերակով հետազոտական համալսարաններ ստեղծել: Համալսարանները, որոնք հետագայում հետազոտական դառնալու միտում ունեն, պետք է հաշվի առնեն, որ կան նաև ռիսկային ծրագրեր: Գիտության վրա ծախսվող գումարի ծավալից բացի, կլինեն թեմաներ, որոնց ապրանքայնացումը կարող է տապալվել, և համալսարանը պետք է պատրաստ լինի նաև ֆինանսական այս կարգի կորուստների: Այսնքն՝ ռիսկային կապիտալի կարիք կա:
Կա նաև հետազոտական համլսարան սեղծելու երրորդ տարբերակը:
Դա հետևյալն է՝ եղած գիտահետազոտական ինստիտուտների հիման վրա. ասենք, ԳԱԱ-ն, որի կազմում կա ավելի քան 30 գործող ինստիտուտ: Դրանց մեծ մասը բարձր վարկանիշ ունի, միջազգային ասպարեզում հեղինակություն է, և կարող է դառնալ հետազոտական համալսարանի կորիզը (իհարկե, ներգրավելով ճյուղային մի շարք ինստիտուտներ, ինչպես, օրինակ, ֆիզիկայի, ամինաթթուների ինստիտուտները և այլն):
Ակնհայտ է դառնում, ամենաէժան և Հայաստանի համար ամենանպատակահարմար տարբերակը սա է: Մանավանդ, այսօր Ազգային ակադեմիան ունի մագիստրոսական կրթության բաժին (ավելի քան 400 մագիստրոս), և այս փորձն արդյունավետ կլինի հետագայում նոր տիպի համալսարան ստեղծելու համար: Այս տարբերակը շատ նման է Իսրայելի հետազոտական համալսարանի ստեղծման տարբերակին. այնտեղ նույնպես 1992 թվականից հետո այս սկզբունքով գիտահետազոտական ինստիտուտները ինտենսիվորեն սկսեցին վերածվել հետազոտական համալսարանի: Եվ դրա կարգավիճակը ստացավ 1997-98 թթ: Սա մի հզորագույն հիմնարկ է, որը ներառեց ակտիվ գործող մի շարք ինստիտուտներ, և ստեղծվեց հետազոտական համալսարան:
Ակադեմիական և ճյուղային մի շարք ինստիտուտների հիման վրա կարելի է ստեղծել հետազոտական համալսարան նաև Հայաստանում: Դա բավական էժան կլինի նաև այն իմաստով, որ այս ինստիտուտները պետական բյուջեից գումարներ են ստանում և արդեն մագիստրոսական ու ասպիրանտական ուսուցման փորձ ունեն: Եթե պետական բյուջեին էլ գումարվի ուսանողների վարձավճարները, ապա ֆինանսական հիմքը կարելի է բավարար չափով ապահովված համարել:
Նման հաստատությունը կարելի է կառուցել Երևանում կամ մայրաքաղաքին մոտ տարածքում, ասենք` Աշտարակում: Այստեղ կենտրոնացված են մեծ թվով հետազոտական ինստիտուտներ. Բյուրականի աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտները և այլն: Այսինքն, այս տարածաշրջանն ունի գիտական որոշակի ավանդույթներ, մոտ է մայրաքաղաքին Հայաստանի արդյունաբերական, հեռահաղորդակցության կենտրոններին, և, բացի այդ, բարձր վարկանիշ ունեցող մեր գիտնականների գերակշիռ մասն աշխատում է ակադեմիական համակարգում: Մարդկային ռեսուրսների առումով էլ այդպիսի լուծումը շատ նպատակահարմար է: Սա նաև լավ է այն առումով, որ Ակադեմիան մի շատ ճիշտ քայլ արեց. ստեղծեց Սփյուռքի բաժին, որտեղ ընդգրկված են արտասահմանի մեր գիտնական հայրենակիցները: Եվ նրանց ներուժը շատ հաջողությամբ կարող ենք կիրառել հետազոտական համալսարանի աշխատանքներում: Ավանդույթների տեսակետից, ակադեմիական գիտնականները, գիտությամբ զբաղվող, գործող մարդիկ են, նրանց գիտական ակտիվությունն ավելի մեծ է, քան բուհական դասախոսներինը (բուհերում դասախոսներ կան, որ վերջին 10-15 տարում լուրջ հետազոտություն չեն արել), իսկ ակադեմիական գիտնականը զբաղված է ակտիվ գիտությամբ:
Այս չափորոշիչը, որ շատ կարևոր է հետազոտական համալսարանների համար (դասախոսը պետք է լինի ակտիվ աշխատող գիտնական), Հայաստանում ակադեմիական բազայի վրա համալսարան ստեղծելու դեպքում` բավարար պայմաններից է:
Ակադեմիական գիտնականների մոտ քարացած ավանդույթներ չկան: Այս մարդիկ հեշտությամբ կաշխատեն նոր պայմանների ու պահանջների դեպքում՝ առանց որևէ« սովորույթից հետ վարժվելու խնդրի, չի լինի հին կարծրատիպեր ջարդելու նախապայմանը: Հաշվի առնելով մեր Սփյուռքի գոյությունը (խոսքը սփյուռքահայ գիտնականների մասին է)՝ հեշտ կլուծվի միջազգային ընտրական մրցույթների խնդիրը, եթե հետազոտական համալսարանը ստեղծվի, ասենք, Գիտությունների ակադեմիայի բազայի վրա:
Մի խոսքով, հանգում ենք հետևյալ եզրակացությանն, որ Հայաստանի համար հետազոտական համալսարան ստեղծելու լավագույն տարբերակը սա է:
Իսկ որ մեր երկրում հետազոտական համալսարանի ստեղծումն ուղղակի ռազմավարական նշանակության անհրաժեշտ նախաձեռնություն է՝ ավելի քան ակնհայտ է:
Գիտություն-կրթություն, գիտություն-արտադրություն կապն ապահովելու համար առայժմ հայտնի լավագույն լուծումը հետազոտական համալսարաններն են:
Այսպիսի համալսարանի ստեղծումը Հայաստանում կնպաստի գիտուտյուն-կրթություն կապում ֆինանսատնտեսական շատ հարցերի կարգավորմանն ու լուծմանը:
Մոտավոր հաշվարկներով, այսպիսի կառույցի ստեղծումը պետությանը կարժենա 200 միլիոն, գուցե մի քիչ պակաս: Ցանկության դեպքում, դա կարելի է իրականացնել 5-6 տարում: Սա ամենառացիոնալ՝ արագ (մասնագետների շուտ տրանսֆորմացում), քիչ ռեսուրսներ և ոչ շատ ֆինանսներ պահանջող տարբերակն է: Եթե ապագայում հաջողվի ստեղծել այս համալսարանը, այն հիմնականում իրականացնելու է մագիստրոսական և ասպիրանտական ուսուցում (բակալավրական ուսուցում իրականացնող բուհեր Հաըաստանւմ բավականին կան):
Այս համալսարանի մեկ այլ կարևոր առաքելությունը լինելու է ոչ միայն տեղական տնտեսության առաջընթացն ապահովելը (բարձրակարգ, հմուտ, ժամանակակից ինովացիոն համակարգին տիրապետող մասնագետների ստեղծմամբ), այլև պետք է տարածաշրջանային նշանակության գիտական հարցեր լուծի: Հայաստանը մեր և մերձակա տարածաշրջաններում (Սիրիա, Լիբանան, արաբական երկրներ և այլն) գիտական վարկանիշով դեռևս գայթակղիչ է, իսկ որոշ ոլորտներում՝ միջազգային հեղինակություն է: Այս տեսանկյունից կարող ենք շահեկան վիճակում հայտնվել , իսկ եթե այս նախաձեռնումը դանդաղեցնենք, դա կարող են անել մեր հարևան երկրները (Վրաստան, Ադրբեջան): Թուրքիայում կա Ստամբուլի Սաբանչի հետազոտական համալսարանը: Այն բավական լավ պայմաններ ունի, մեծ գումարներ են ծախսում, բայց այն ուղղությամբ չի աշխատում, որ ի վիճակի ենք անելու Հայաստանում (կադրային տեսակետից թուրքերը զգալիորեն խեղճ են):
Հայաստանում ուղղակի անհրաժեշտ է բարձր մակարդակի հետազոտական գոնե մեկ համալսարան ունենալ:

1 comment:

  1. Narek jan!

    Es ankeghcoren kcankanayi, vor nyutd aveli gitakanoren hamakargvac liner, hamalrvac tesakan verlucutyunnerov. Qo mot ayn xist teghekatvakan e, ynd vorum erbemn animast teghekatvutyun es lcrel, kam el ete hamrum es petqakan, apa guce chisht teghum dneir.
    Ayspes, hetazotakan hamalsaranneri masin nyuty lcneluc heto, xosel es texnoparkeric, xeghj Gyumru texnoparkin es dzerki het kpel...inchu hamar? heto inch? inch kap uni qo ezrakacutyan het?
    Ete ed ameny tanum eir depi ezrakacutyund, apa kapy tuyl e.
    Narek jan, nyuty lavn e, shat teghekatvakan e, ahagin ban karei e kardal u imanal, bayc karces vayri vichakum lini. Tvel es tver, aysqan pogh petq klini HH-um aysqan jamanakum karucelu hamar, petq e karucel...! Vorteghic en ayd tvery, dranq qo sepakan ditarkumnern en? Inch himnavorum? Ete inch-vor teghic es vercrel, apa ur e hghumy????
    NYUT GRELIS PET E ANPAYMAN SOVOREK TARANJATEL DER ASELIQY URISHNERI ASACNERIC. DRA HAMAR YNDUNVAC E CITAT ANEL. VORPES MAGISTROSNER PETQ E SOVOREK GRAGET GREL.......CITUM EQ URISHI XOSQY, KARCIQY (ogtagorcek op cit, ibid, es sra masin myus dasin dzez manramasn kasem).

    Yndhanur armam karcum em lav nyut es karucel, li teghekatvutyamb, vory kareli e hghkel, mshakel ev stanal yntir mi ban, dnel orinak magistrosakan tezi mej, hodac dardznel ev ayln.
    Kxndrei naev indz tramadreir ayn naxnakan aghbyurnery, voroncic ogtvel es, hatkapes indz hetaqrqrum e, te vorteghic es vercrel HH-um hetazotakan hamalsaranneri 3 hnaravor tarberakneri gaghabary, vory qnnarkel es, te dranq qo gaghabarnern en? Mi xosqov, indz ugharkir naxnakan nyutery!

    ReplyDelete