Tuesday, December 22, 2009

«քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորում

ԿԳ նախարարը մասնակցել է «քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորումին

«Քաղաքակրթությունների երկխոսություն» թեմայով ավանդական համաշխարհային հասարակական ֆորումին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկացանք ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչություից: Նշենք, որ Ֆորումը տեղի է ունեցել hոկտեմբերի 8-12-ը Հունաստանի Ռոդոս կղզում:

Ֆորումին մասնակցում էր շուրջ 600 պատվիրակ, ովքեր ներկայացնում էին ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից երկրների քաղաքական, տնտեսական, հոգևոր և կրթամշակութային բնագավառները:
Համաշխարհային ֆորումի շրջանակում արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ աշխատանքային խմբերի, գործում էր նաև կրթականը, որի քննարկման հիմնական թեման էր` «Կրթությունը և իննովացիան` որպես կայուն հասարակական զարգացման հիմք»: Քննարկումների հիմնական ուղղություններն էին` համալսարանական կրթության ժամանակակից մոդելները, բուհերի ժամանակակից վարկանիշերը և համալսարանների միջազգայնացումը` որպես միջմշակութային, հետազոտական և իննովացիոն դինամիկ համակարգ, որը թույլ է տալիս հարմարվել հարափոփոխ աշխարհի արտաքին գործոններին: Միջազգայնացումը դիտվում է նաև որպես միջազգային հեռանկարների ինտերգրման գործընթաց` բարձրագույն կրթության համակարգում:

Ժամանակակից աշխարհում իրականացվող հիմնարար փոփոխությունները վկայում են, որ կրթությունն է քաղաքակրթությունների միջև ներդաշնակ զարգացման կարևոր գործոնը: Այսօր կրթական հիմնախնդիրներն առնչվում են ոչ միայն հետճգնաժամային տնտեսական զարգացումներին և բնակչության զբաղվածությանը, այլև ժամանակակից գիտության և իննովացիաների զարգացմանն ու մշակութային արժեքներին: Աշխարհի համարյա բոլոր երկրներում այսօր ընթացող կրթական բարեփոխումները վկայում են համընդհանուր կրթական մոդելի ճգնաժամի և իրավիճակից ելքերի որոնման անհրաժեշտության մասին:

Ֆորումի ընթացքում արտահերթ զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր ելույթում անդրադարձ է կատարել Հայաստանի բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին, հիմնական խնդիրներին և ապագայի տեսլականին: Ելույթից հետո նախարարը պատասխանել է նաև մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Ֆորումի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը երկկողմանի հանդիպումներ է ունեցել մի շարք պատվիրակությունների ներկայացուցիչների, մասնավորապես, Արաբական համալսարանների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սալեհ Խաշեմի հետ: Քննարկվել են կրթության ոլորտում հայ-արաբական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների ռազմավարական նպատակները: Սալեհ Խաշեմին նախարարին հրավիրել է Եգիպտոս` տեղում ծանոթանալու ասոցիացիայի աշխատանքներին և արձանագրված փորձին:

Նախարարը հանդիպել է նաև Զալցբուրգի միջազգային սեմինարի ծրագրերի տնօրեն Էլեն Կամենսկու հետ: Հանդիպման ավարտին տիկին Կամենսկին ցանկություն է հայտնել իրենց ծրագրերում ներգրավել նաև Հայաստանը և աջակցություն ցուցաբերել մեր երկրի բարձրագույն մասնագիտական կրթության համակարգին: Մոտ ապագայում ավստրիական կողմը ծրագրային առաջարկներով կդիմի կրթության և գիտության նախարարությանը:

No comments:

Post a Comment