Wednesday, December 23, 2009

Կրթական համակարգի հին եւ նոր խնդիրները


Կրթական համակարգի հին եւ նոր խնդիրները


2009 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից աշխատանքներ են իրականացվել համակարգի համար գերակա բոլոր ուղղություններով։ Տարվա ընթացքում համակարգն ունեցել է երկու լուրջ ցնցում. առաջինը՝ ֆինանսատնտեսական ճգնաժամն է եւ դրա հետեւանքով ոլորտին նախապես հատկացված գումարների որոշակի վերանայումը, իսկ երկրորդը՝ նախարարության ղեկավարի փոփոխությունը։ Ինչպես երեկ նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարության ամփոփիչ տարեկան հաշվետվության ժամանակ՝ չնայած համակարգի առջեւ ծառայած խնդիրներին, ընթացիկ տարում իրականացվել են նախարարության գերակա ուղղություններին համապատասխան բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ներառելով օրենսդրական փոփոխություններից մինչեւ հասարակության եւ քաղաքացիների հետ աշխատանքները։
Անցնող տարին բնորոշվել է նաեւ կրթական համակարգում առկա հին խնդիրներով, որոնք մնացել են նախորդ տարիներից եւ պահանջում են նոր լուծումներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է նախադպրոցական կրթության բնագավառին, որտեղ տարիներ շարունակ իրականացվել է տարածքային կառավարում։ Այդ բնագավառի ֆինանսավորմանը պետությունը որեւէ մասնակցություն չի ունեցել, հետեւաբար չի վերահսկել նաեւ այնտեղ իրականացվող կրթության մատչելիությունն ու որակը։ Սակայն այս տարվանից Համաշխարհային բանկի առաջին վարկային ծրագրով 22 համայնքներում իրականացվել է նախադպրոցական կրթություն ապահովող քիչ ծախսատար մոդելով փորձարարական ծրագիր։ Այդ մոդելը առաջիկա 4 տարիներին կկիրառվի եւս 143 համայնքներում։ Դրանք այն համայնքներն են, որտեղ չկան նախադպրոցական կրթության հաստատություններ կամ եղածները պատկանում են մասնավոր հատվածին եւ իրենց մատչելիությամբ, գնային քաղաքականությամբ հասու չեն հասարակության լայն հատվածներին։

Կվերանայվեն նպատակային ընդունելության հետ կապված մոտեցումները


Մանկավարժական կրթությունը կարեւորվում է ե՛ւ որպես բարձրագույն կրթության բաղկացուցիչ մաս, ե՛ւ որպես հանրակրթության հիմքն ապահովող գործընթացներին որակ հաղորդող կրթություն։ Այդ ուղղությամբ այս տարվա ընթացքում ակտիվ աշխատել է մանկավարժական բուհերի կոնսորցիումը։ Արդյունքում մշակվել են ուսումնական համադրելի ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում գործող մանկավարժական հաստատությունների համար, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ ապահովել ուսումնական գործընթացը։
Բավականին խնդրահարույց է բարձր լեռնային, սահմանամերձ եւ լեռնային բնակավայրեր ուսումնական հաստատությունների համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի ապահովման հարցը։ Այս տարվա ամփոփ տվյալներով նպատակային ընդունելությամբ 2005 թվականին ընդունվել եւ 2009 թվականին ավարտել են մանկավարժական մասնագիտությամբ 92 ուսանող, որոնցից աշխատանքի է տեղավորվել ընդամենը 56—ը։ Դա կրթական համակարգի այն լուրջ խնդիրներից է, որն առկա է տարիներ շարունակ։ 92 ուսանողներն էլ ընդունվել են 10 մարզերից եկած հայտերի հիման վրա. մանկավարժական կադրերի պակաս ունեցող առաջատար մարզերը եղել են Գեղարքունիքը, Վայոց ձորը եւ Արագածոտնը։

Համագործակցության սերտացում սփյուռքահայ կրթօջախների հետ


Նախարարությունն ընթացիկ տարում բավականին սերտ համագործակցություն է իրականացրել սփյուռքի հայկական կրթօջախների հետ։ 41 երկրների հայ կրթօջախներ է առաքվել շուրջ 74 հազար միավոր ուսումնական գրականություն։ Տարեվերջին փորձնական եղանակով իրականացվել է էլեկտրոնային դասագրքերի ձեռք բերման ծրագիր, ինչը կրթօջախները համապատասխան ուսումնական գրականությամբ ապահովելու ավելի հեռանկարային լուծում է։
Այս տարի հայաստանյան բուհերում սովորում է 3500 սփյուռքահայ ուսանող՝ նախորդ տարվանից 300—ով ավելի։ Արտասահմանցի ուսանողների առումով՝ ընթացիկ տարում բավականին հաջողված ընդունելություն է իրականացվել, թեպետ նկատելի է դիմորդների որոշակի կրճատում։ Դա իր հերթին պայմանավորված է ինչպես ֆինանսատնտեսական ճգնաժամով, այնպես էլ՝ կրթական ծառայությունների մատուցման համար ծավալվող թեժ մրցակցությամբ։ «Այդ հարցում մրցունակ լինելու համար Հայաստանը պարտավոր է իրականացնել բավականին կտրուկ բարեփոխումներ բարձրագույն կրթության բնագավառում, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ կտարվեն հաջորդ տարվանից։ Դա պետք է հանգեցնի ֆինանսական միջոցների ավելի արդյունավետ օգտագործմանը, բուհական ինքնավարության բարձրացմանը, պետության կողմից որակի վերահսկողության մեխանիզմների հստակեցմանը եւ այլն»,–նշեց Ա. Աշոտյանը։

2011 թ. ուսումնական ճգնաժամին ընդառաջ


Հաշվի առնելով 2011 թվականին շրջանավարտ չունենալու հանգամանքը եւ դրա հետեւանքով ուսումնական համակարգում սպասվելիք ճգնաժամը՝ ԿԳ նախարարությունն այս տարվանից ձեռնարկել է մի շարք միջոցառումներ։ Այդ նպատակով ինչպես այս տարի, այնպես էլ 2010 եւ 2012 թվականներին բուհերն ավելի մեծ թվով ուսանողներ կընդունեն՝ 2011 թվականի բացը լրացնելու եւ բուհերի պահպանման, ընդունելության կազմակերպման, ամբիոնների, կադրերի պահպանման հարցերը լուծելու նպատակով։ Քառամյա կտրվածքով բուհերից կպահանջվի ֆինանսական հոսքերի ավելի ճիշտ կառավարում։
Անդրադառնալով թռիչքային փոխադրումների միջոցով բանակի եւ այլ հարցեր լուծելու որոշ ծնողների քայլերին՝ Ա. Աշոտյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ հրաման է ստորագրել միայն հաջորդ տարի 10—րդ դասարանի աշակերտների համար թռիչքային փոխադրումները դադարեցնելու համար։ Նման որոշումը պայմանավորված է նրանով, որ այդ դեպքում աշակերտը մեկի փոխարեն երկու տարի չի սովորի։ Տնօրենների եւ ծնողների կողմից նման ոչ օրինական, կոռուպցիոն ռիսկեր պարունակող երեք դեպքի մասին արդեն իսկ տեղեկություն է ստացվել, որից երկուսը մարզերից է։ Այդ խախտումները բացահայտելու եւ կանխելու համար հունվար ամսից ԿԳՆ կրթության պետական տեսչությունը հսկողություն է սահմանելու թիրախային դպրոցներում։
Դրական տեղաշարժ է արձանագրվել միջին եւ նախնական մասնագիտական կրթության բնագավառում։ Քանի որ կրթական համակարգը միասնական է, շատ կարեւոր է բոլոր հատվածների ներդաշնակ համագործակցությունը։ 2009 թվականի ընթացքում միջին եւ նախնական մասնագիտական կրթության բնագավառում իրականացրած փոփոխությունների շնորհիվ այս տարի առաջին անգամ ուսումնարաններում եւ քոլեջներում գրեթե թափուր տեղեր չեն եղել։ Դանդաղ, բայց սկսել է ձեւավորվել այն գիտակցումը, որ ավելի լավ է երեխան արհեստ սովորի եւ ունենա աշխատանք, քան թե բարձրագույն կրթությամբ մնա առանց աշխատանքի։

Կրթության բնագավառի մարտահրավերներին ընդառաջ


Բավականին լուրջ աշխատանքներ են կատարել նաեւ նախարարության առանձնացված ստորաբաժանումները՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, Կրթության ազգային ինստիտուտը, Լեզվի պետական տեսչությունը եւ այլն։ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ հաշվի առնելով լեզվի կարեւորությունը հասարակության կյանքում, մշակույթի եւ պատմության մեջ, նպատակահարմար է բարձրացնել Լեզվի պետական տեսչության կարգավիճակը, քանի որ բավարար չեն նրա կողմից իրականացվող լեզվի հսկողության մեխանիզմները։
«Լեզվի տեսչությունը որպես պետության կողմից հիմնված, պետական լեզվի գործածությունն ապահովող եւ լեզվաքաղաքականության նկատմամբ հսկողություն իրականացնող միակ միջոց, պետք է ունենա ավելի բարձր կարգավիճակ, քան ունի այժմ։ Լեզուն մեր կյանքում շատ ավելի կարեւոր դեր ու նշանակություն ունի, քան կան այդ գործիքի նկատմամբ վերահսկողական մեխանիզմներ»,–նշեց նա։
Բարեփոխման կարիք ունի նաեւ բարձրագույն որակավորման հանձնաժողովի օրենսդրական բազան, քանի որ 1997 թվականին ընդունված կարգն արդեն հնացել է եւ չի համապատասխանում ժամանակի պահանջներին։ Կրթական բնագավառում ավելի բարձր որակ ապահովելու համար նախատեսվում է խստացնել մի շարք չափորոշիչներ, այն է՝ կրճատել ԲՈՀ—ում գրանցված գիտական ամսագրերի ցանկը, ինչպես նաեւ պաշտպանական խորհուրդների թիվը։
Պետության գիտական ներուժը պահպանելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ այս տարվա ընթացքում մշակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի մասին օրենքի նախագիծ, որը հաջորդ տարի կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Դա շատ կարեւոր քայլ է, որը կնախանշի ԳԱԱ—ի զարգացման նոր ուղիները։
Արմեն Աշոտյանը կրթության բնագավառում տարվա ընթացքում ընդունած, լրացումներ եւ փոփոխություններ կատարած բազմաթիվ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերից առանձնացրեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը եւ Համաշխարհային բանկի հետ իրականացվող «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիրը։ «Դրանք ուրվագծելու են հաջորդ տարիներին համակարգի գործողությունները եւ իրենց ազդեցությամբ շատ մեծ են լինելու կրթության բնագավառում իրականացվող քաղաքականության վրա։ Այս երկու իրավական ակտերը թելադրելու են նաեւ առաջիկա տարիներին համակարգի բարեփոխումների տրամաբանությունը»,–եզրափակեց ԿԳ նախարարը։


No comments:

Post a Comment