Wednesday, December 23, 2009

«Արմենթելը» ինտերնետի վատ որակի համար մեղադրում է ADC ինտերնետ կապուղիներ տրամադրող ընկերությանը

Արմենթել» ընկերությունը ինտերնետի արագության նվազման համար մեղադրում է հայաստանյան ինտերնետ կապուղիներ տրամադրող այլ ընկերությունների, մասնավորապես՝ ADC ընկերությանը։ Այս մասին դեկտեմբերի 23-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց «Արմենթել» ընկերության տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նշելով, որ ADC-ն դեկտեմբերի 16-ից նվազեցրել է ինտերնետի թողունակությունը՝ պատճառաբանելով, որ ցանցում նորոգման աշխատանք է իրականացնում։

«Եթե այդ նորոգման աշխատանքները, որոնք սկսվել են դեկտեմբերի 16-ից եւ տեւում են մինչեւ օրս, շարունակվեն եւս մի քանի օր, ապա մենք կդիմենք տնտեսական մրցակցության հանձնաժողով, քանի որ կարծում ենք, որ ինտերնետ կապուղիներ տրամադրող մյուս ընկերությունները եւ մասնավորապես՝ ADC-ն անբարեխիղճ մրցակցություն են ծավալել եւ արհեստականորեն իջեցրել են որոշ կայքերի թողունակության մակարդակը»,-ասաց «Արմենթել»-ի տնօրենը։ Ըստ նրա՝ «Արմենթելի» Hi Line-ի անսահմանփակ կապի բաժանորդներին տրամադրվում է վայրկյանում մինչեւ մեկ մեգաբիթ արագությամբ կապ, բայց որոշ հեռախոսակայաններում կան տեխնիկական խնդիրներ, այդ պատճառով հնարավոր է կապի որակը խոստացվածի չափ չլինի։ «Որոշ հեռախոսակայաններից բաժանորդներին ձգվող պղնձալարերն արդեն ֆիզիկապես մաշված են, դրանց մի մասը դեռ նախորդ դարի 70-ական թվականներին է անցկացվել, այդ ամենը ազդում է ինտերնետի որակի վրա»,- նշեց Ի.Կլիմկոն՝ ավելացնելով, որ կապի որակը ստուգելու լավագույն միջոցը «Արմենթելի» պաշտոնական կայքից հատուկ այդ նպատակի համար տեղադրված ֆայլի բեռնումն է։ «Եթե բաժանորդը գնել է անսահմանափակ ինտերնետի մեկ մեգաբիթանոց փաթեթը, ապա մեր կայքում տեղադրված ֆայլը պետք է բեռնվի 1 ՄԲիթ արագությամբ, եթե արագությունը նվազ է, ապա հնարավոր է, որ ինֆորմացիայի կորուստ է լինում մալուխներում։
Բոլոր դեպքերում մենք հետեւում ենք ահազանգերին, եւ հավատացնում եմ, որ խնդիրները աստիճանաբար լուծվելու են»,- վստահեցրեց Կլիմկոն։ Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր էլ կապված է ընդհանրապես ինտերնետ կայքերի թողունակության հետ, որովհետեւ յուրաքանչյուր կայք, թողունակության հնարավորությունը սահմանափակում է։ «Հնարավոր է, որ բաժանորդներն օգտվում են Youtube-ից կամ Gmail հանրահայտ կայքերից, իսկ դրանց թողունակությունն իջեցրել է ADC-ն, մյուս կայքերը եւս թողունակության սահմանափակումներ ունեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենց ընկերության պաշտոնական կայքը սահմանափակում չունի, այդ իսկ պատճառով արագությունը կարելի է ստուգել իրենց կայքում։ Ըստ նրա՝ «Արմենթելը» տեսականորեն հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչեւ 1,2 ԳԲիթ վայրկյանում արագությամբ ինֆորմացիա տրամադրել։ «Մեր հնարավորությունները սահմանափակ չեն եւ մենք կարող ենք շատ ավելի մեծ թվով ինտերնետ բաժանորդների սպասարկել»,- վստահեցրեց նա։

1 comment:

  1. Ajsor internet@ shateri hamar partadir pajman e handisanum ,
    kartum em ajs hodvat@ dez dur kga sireli hamakurseciner:)

    ReplyDelete