Wednesday, December 23, 2009

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀԱՇՎԵԿՇՌՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ (BALANCED SCORECARD) ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Չնայած այն բանին, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ազդեցությունը բիզնես գործընթացների վրա բազմիցս հետազոտվել է, մասնագետները ստացել են հակասական արդյունքներ: Չկա որևէ միասնական տեսակետ այն մասին, որ ձեռնարկությունում ՏՀՏ կիրառման և տվյալ ընկերության քանակական ու որակական ցուցանիշների դրական փոփոխության միջև գոյություն ունի դրական կապ, և դեռևս անհայտ է, թե որ գործոններն են ազդում կամ որոշում այս թղթակցությունը: Ավելին, ինչպես հաճախ պատահում է մենեջմենթ գիտության հետ, հասանելի գրականության մեծ մասը վերաբերում է խոշոր ընկերություններին, և մասնագետների հետազոտությունների շրջանակներից շատ հաճախ դուրս են մնում փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ):

***
ՏՀՏ-ն բիզնես համակարգում
Առկա գրականությունը վկայում է բիզնես գործընթացների վրա ՏՀՏ ազդեցության վերաբերյալ աճող հետաքրքրության մասին: Չնայած այս թեման լայնորեն հետազոտվել է, շատ տարբեր արդյուքներ են ստացվել մինչ օրս. որոշ հետազոտողներ պնդում են բիզնես գործընթացների վրա ՏՀՏ դրական ազդեցության մասին (Բարուա, 1995; Ստրատոպոլոս, 2000), մյուսները դա համարում են անէական (Շտրասման, 1990; Յորսի, 1992), և նույնիսկ կան հետազոտողներ, ովքեր վկայում են բացասական կապի առկայության մասին (Բրայնոլֆսոն, 1995; Սետցեկորն, 1998): Ամեն դեպքում դեռևս հայտնի չէ, թե որ գործոններն են ազդում կամ որոշում այս կապը: Այսպիսով, դեռևս կարևոր է բացահայտել, թե ինչպես բարելավել բիզնես գործընթացները ՏՀՏ կիրառման միջոցով, այսինքն ՏՀՏ-ն դարձնել որպես <<լավ ծառայող և ոչ թե վատ վարպետ>>:[1]
Այս թեմայի շուրջ որոշ մասնագետներ հետազոտել են արտադրողականությունը որպես չափման միավոր ՏՀՏ ներդրումների արդյունքում: Սակայն, այս ուղղությամբ կիրառված ջանքերը առանձնապես հաջողված չեն. օրինակ` Շտրասմանը (1990, 1997) բացահայտել է այսպես կոչված <<արտադրողականության պարադոքսը>>: Արտադրողականությունը կապված չէ ձեռնարկությունում ՏՀՏ ներդրումներից, բայց սերտորեն կապված է ՏՀՏ ստրատեգիական կառավարման հետ: Ստրատոպոլոսը և Դեհնինգը (2000) նույնպես նմանատիպ արդյունքների են հանգել. նրանք գտնում են, որ <<արտադրողականության պարադոքսի>> գլխավոր պատճառներից մեկը ՏՀՏ կառավարման բացակայությունն է (mismanagement):
Շատ այլ հետազոտողներ կարևորել են ձեռնարկություններում ստրատեգիական կառավարման և ՏՀՏ կառավարման դերը: Մասնավորապես, Բուրնը և Սցետոն (2000) առաջարկում են <<ստրատեգիական ինֆորմացիոն համակարգերի պլանավորումը>> և որոշում այն գործոնները, որոնք կապ են հաստատում ձեռնարկության նպատակների և ՏՀՏ կառավարման ստրատեգիաների ընտրությունների միջև:
Բարուան (1995) մշակեց մի գործընթացային (process-oriented) մեթոդոլոգիա, որպեսզի դիտարկի ՏՀՏ ազդեցությունը բիզնես միավորների վրա: Հետազոտելով հինգ տարիների վերաբերյալ հավաքագրած տվյալները` նա բացահայտեց դրական կապ տարբեր գործընթացային չափման միավորներում ՏՀՏ կիրառման/ինչպես օրինակ շուկայի մասնաբաժինը/ և ROA-ի միջև: Մյուս կողմից, մեկ այլ հետազոտություն վերլուծեց ՏՀՏ ազդեցությունը ROA-ի և ROE-ի վրա, բայց ոչ մի կորելյացիա չգտնվեց:[2]
ՏՀՏ արդյունավետությունը, անկասկած, մեր օրերում ամենահաճախ քննարկվող թեման է ինչպես տեղեկատվական համակարգեր հետազոտողների, այնպես էլ պրակտիկ աշխատողների համար, քանի որ նորարարությունների շարունակական զարգացումը <<ստիպում>> է ընկերություններին մեծացնել ՏՀՏ ոլորտում ներդրումները: ՓՄՁ ոլորտում, որտեղ ֆինանսական հնարավորությունները ավելի սահմանափակ են և առաձգական, այս թեման ավելի զգայուն է: Այն, թե ինչպես է ՏՀՏ-ն օժանդակում բիզնեսի նպատակների և կարիքների հստակ ձևակերպմանը և իրականացմանը, շատ ձեռներերցների համար կարող է ուղղակի մարտահրավեր դիտվել, և շատ հաճախ այս դժվարությունը դառնում է ինովացիաների հետաձգման հիմնական պատճառ: Խնդիրը կայանում է նրանում, որ որպեսզի ՓՄՁ-երը կարողանան կիրառել ՏՀՏ իրենց ամենօրյա գործունեությունում, նրանք նախ պետք է հստակորեն ձևակերպեն իրենց նպատակները, առաքելությունները և խնդիրները, այսինքն նպատակաուղղված լինեն երկարաժամկետ գործուենության: Այստեղից հարց է առաջանում. արդյոք ՏՀՏ-ն պետք է դիտարկել որպես ձեռնարկության միայն երկարաժամկետ կառավարման գործիք: Խնդիրը կայանում է նրանում, որ նախ շատ հարաբերական է երկարաժամկետ ասվածը: Մի ձեռնարկության կամ երկրի բոլոր ձեռնարկությունների համար երկարաժամկետ կառավարումը կարող է ընդգրկել տասը տարվա կտրվածքով գործունեության պլանավորում, իսկ մի այլ ձեռնարկությունում հնարավոր չէ իրականացնել ավելի, քան երեք տարվա պլանավորում:
Խնդիրը կայանում է նրանում, որ ձեռնարկությունները պարզապես չպետք է վախենան ինովացիաներից, այսպիսով ՏՀՏ ոլորտում ներդրումներից, և կարողանան օբյեկտիվորեն գնահատել իրենց կատարած ներդրումները վերոնշյալ ոլորտում և նրանցից ստացվող ելքերը:
Եթե դիտարկենք ՏՀՏ-կառավարում ենթահամակարգը որպես ՏՀՏ-բիզնես համակարգի բաղկացուցիչ, ապա կտեսնենք, որ այս շուկայում այսօր արդեն առաջարկվում են բավականին մեծ քանակությամբ ծրագրային ապահովումներ, որոնք ստեղծված են ձեռնարկության գործունեությունը համակարգելու և կառավարումը դյուրացնելու համար:
Եթե 90-ականների սկզբներին անհնարին էր պատկերացնել ձեռնարկությունում հաշվապահության վարումը առանց թուղթ ու գրիչի, ապա 21-րդ դարի ժամանակակից հաշվապահը դադարել է օգտագործել նույնիսկ հաշվիչ մեքենան (calculator), քանի որ գոյություն ունեն հաշվապահական ծրագրեր, որոնց կիրառությունը թեև հաշվապահից պահանջում է իր մասնագիտության բավարար իմացություն, սակայն էապես կրճատում է նրա աշխատաժամանակը և, հետևաբար, բարձրացնում արտադրողականությունը: Նույնը այսօր կատարվում է նաև մենեջմենթի համակարգում: Կառավարման ամենատիպային սահմանումը այն դիտարկում է որպես որոշում կայացնելու արվեստ: Իսկ յուրաքանչյուր որոշում իրենից ենթադրում է հնարավոր տարբերակներից ընտրություն` ելք:
Սակայն պարզվում է, որ ՏՀՏ զարգացումը հանգեցրել է նաև նրան, որ այսօր կառավարումը նույնպես կարելի է իրականացնել ծրագրային ապահովման միջոցով: Բայց պետք է հիշել ամենակարևորը. կառավարման համակարգը ծրագրային ապահովումով իրականացնելը դեռևս չի նշանակում, որ ձեռնարկության մենեջերի/կառավարիչի պաշտոնում կարելի նշանակել ոչ կոմպետենտ մի անձնավորության և վստահ լինել, որ այդ ձեռնարկությունը կաշխատի, քանի որ այնտեղ ներդրված է այս կամ այն ծրագրային ապահովումը: Դա նույնն է, թե ասել, որ եթե որևէ ձեռնարկությունում հաշվապահական հաշվառումը իրականացվում է ՀԾ-ով, ապա բացարձակապես կարիք չկա, որպեսզի հաշվապահի պաշտոնում աշխատող անհատը հաշվապահություն իմանա: Բնականաբար դա այդպես չէ:
Սույն աշխատանքում մենք կդիտարկենք ձեռնարկության ռազմավարական կառավարման մի գործիք, և թե ինչպես այդ գործիքը կարելի է փոխարինել համապատասխան ծրագրային ապահովումով:

Հաշվեկշռված ցուցանիշների համակարգը որպես ձեռնարկության ստրատեգիական կառավարման գործիք
Հաշվեկշռված ցուցանիշների համակարգը/Balanced Scorecard (BSC) կառավարման գործիք է, որը թույլ է տալիս համապատասխանեցնել ձեռնարկության բոլոր աշխատակիցների վարքը ձեռնարկության ստրատեգիային: Հետազտությունները ցույց են տալիս, որ ամերիկյան ընկերությունների մոտ կեսն արդեն ներդրել է BSC համակարգը, և դեռ շատերն են պատրաստվում են ներդնել: Ողջ ձեռնարկության մասշտաբով BSC-ի նեդրումը պահանջում է ՏՀՏ աջակցություն, և Տ/Տ ոլորտի շատ ձեռնարկություններ արդեն իսկ փորձել են ստեղծել ծրագրային փաթեթներ BSC-ի կիրառումը հեշտացնելու համար: Խնդիրը, որին առնչվում են ձեռնարկություններն այսօր, այն է, որ գոյություն ունեն BSC-ի ավելի քան երկու տասնյակ ծրագրեր, և խնդիր է առաջանում ընտրել նրանցից ամենաօպտիմալը:

Ինչ է իրենից ներկայացնում BSC-ն
1990-ականներին Ռոբերտ Կապլանի և Դևիդ Նորթոնի կողմից ռազմավարական կառավարման մի նոր մոտեցում առաջ քաշվեց: Նրանք այս համակարգը անվանեցին Balanced Scorecard: Գիտակցելով և ընդունելով կառավարման նախկին համակարգերի որոշ թերություններ և անորոշություններ, BSC-ն հստակորեն նշում է, թե ըստ ինչ պարամետրերի ընկերությունները պետք է չափվեն, որպեսզի հաշվեկշռեն իրենց ֆինանսական հեռանկարները:
BSC-ն կառավարման համակարգ է (և ոչ միայն չափման համակարգ), որը հնարավորություն է տալիս կազմակերպություններին հստակ ձևակերպել իրենց տեսլականը (vision) և ստրատեգիան և այն վերափոխել գործողությունների: Այն ապահովում է ինչպես բիզնեսի ներքին գործընթացների, այնպես էլ արտաքին ազդակների (outcomes) հակադարձ կապը (feedback), որպեսզի շարունակաբար բարելավվեն ստրատեգիական պրոցեսները և արդյունքնրը:
Կապլանը և Նորթոնը նկարագրում են BSC-ի դերը հետևյալ կերպ. <>:[3]
BSC-ը առաջարկում է, որպեսզի մենք դիտարկենք ձեռնարկությունը չորս հեռանկարներից (perspective), և այդ հեռանկարներից յուրաքանչյուրի համար հավաքագրենք տվյալներ և վերլուծենք.
· Learning and growth perspective/զարգացում, ուսուցում և աճ (կուլտուրայի առավել կարևոր տարրերը, տեխնոլոգիաները և անձնակազմի նոր անդամները),
· The business process perspective/ բիզնես գործընթացները (այն հիմնական բանալի գործընթացները, որոնք էական դեր ունեն ձեռնարկության գործունեության արդյունավետության մեջ),
· The customer perspective/հաճախորդներ (այն, թե ինչպիսին է ձեռնարկությունը իր հաճախորդների աչքերով),
· The financial perspective/ֆինանսներ (ֆինանսական վիճակը և գործունեության ֆինանսական արդյունավետությունը):



Ովքեր և ինչպես պետք է ձեռնրակությունում ներդնեն BSC համակարգը:
Ըստ Ռոբերտ Կապլանի, BSC software-ը օգնում է ձեռնարկություններին դառնալու ստրատեգիական կողմնորոշմամբ (strategy-focused) հետևյալ կերպ.
· ստրատեգիական քարտեզների միջոցով ապահովելով իրենց ստրատեգիաների վիզուալ տեսքը
· ապահովելով հաղորդակցությունը բոլոր աշխատողների միջև
· դարձնելով ստրատեգիան շարունակական պրոցես
Ստորև ներկայացված են այն ընկերությունները, ովքեր առաջարկում են BSC ծրագրային լուծումներ:[4]


Հետևյալ երեք պատճառները կարող են հանդիսանալ BSC ներդրման հիմնական հիմքը.
Data integration/ տվյալների ինտեգրում: BSC software-ը հնարավորություն է տալիս կազմակերպություններին ինտեգրել տվյալներ տվյալների տարբեր աղբյուրներից
Տվյալների վերլուծություն և պահպանում: BSC software-ը հնարավորություն է տալիս կազմակերպություններին վերլուծել բոլոր քանակական և որակական ցուցանիշները
Հաղորդակցության ապահովում: BSC software-ը ապահովում է տվյալների փոխանակումը մենեջմենտի բոլոր օղակների միջև:[5]

Պետք է հիշել, որ BSC software-ը օգնում է ձեռնարկության յուրաքանչյուր աշխատակցի հասկանալու իր տեղն ու պարտականությունները տվյալ ձեռնարկությունում: Այն համակարգում է յուրաքանրչյուր բաժնի աշխատանքը, համադրում այլ բաժինների աշխատանքի հետ և ցույց տալիս հնարավոր վտանգավոր ելքերը:
Ձեռնարկությունում BSC ներդնելու համար կարող են ստեծվել միջինը 5 հոգանոց աշխատանքային թիմեր, ովքեր կհամակարգեն տվյալների հավաքագրումը, մշակումը յուրաքանչյուր բաժնից: Ավելի արդյունավետ աշխատանքի համար կարելի է թիմի յուրաքանչյուր անդամի հանձնարարել կոնկրետ մեկ բաժնի փաստաթղթավորում, որպեսզի հետագայում ավելի հստակ լինի, թե որ աշխատակցից ինչ պահանջել:
Ի վերջո BSC-ն մեզ հնարավորություն կտա հասկանալու` արդյոք մեր կայացրած ձեռներեցական որոշումը արդյունավետ է, թե ոչ:


Օգտագործած գրականության ցանկ
1. Bernard Marr, Andy Neely; “Automating the balanced scorecard-selection criteria to identify appropriate software applications”; MEASURING BUSINESS EXCELLENCE, Vol 7, No. 2003
Marco Tagliavini, Federico Pigni, Aurelio Ravarini, Giacomo Buonanno; “Empirically testing the impact of ICT on Business Performance within SMEs”Dukhonin E. U. ; Business Performance Management, Moscow
[1] Marco Tagliavini, Federico Pigni, Aurelio Ravarini, Giacomo Buonanno; “Empirically testing the impact of ICT on Business Performance within SMEs”

[2] Marco Tagliavini, Federico Pigni, Aurelio Ravarini, Giacomo Buonanno; “Empirically testing the impact of ICT on Business Performance within SMEs”

[3] Dukhonin E. U. ; Business Performance Management, Moscow 2004

[4] Bernard Marr, Andy Neely; “Automating the balanced scorecard-selection criteria to identify appropriate software applications”; MEASURING BUSINESS EXCELLENCE, Vol 7, No. 2003
[5] Bernard Marr, Andy Neely; “Automating the balanced scorecard-selection criteria to identify appropriate software applications”; MEASURING BUSINESS EXCELLENCE, Vol 7, No. 2003

No comments:

Post a Comment