Tuesday, December 22, 2009

Անհատական աշխատանք/ Գեղամյան Տաթևիկ

ՀՀ Տնտեսական Զարգացման Ռազմավարությունը և Ինովացիայի Դերը

ՀՀ Տնտեսության զարգացման ռազմավարությունը:

ՀՀ-ն անցումային փուլում գտնվող երկիր է, ինչը նշանակում է, որ ունի բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ իր առջև դրված: Որպիսի երկիրը կարողանա հաղթահարել անցումային փուլին բնորոշ բարդությունները, ինչպես նաև լուծի ներկայիս ճգնաժամային իրավիճակի հետևանքները, անհրաժեշտ են հզոր և կայուն ռազմավարական ծրագրեր: Վերջիններիս հետևողական իրագործումը հնարավորություն կընձեռի մեր երկրին դառնալ զարգացած մասնավոր հատված (մրցունակ ՓՄՁ ոլորտ), մրցունակ կրթություն (փոխճանաչված դիպլոներ) և գիտատեխնիակական բարձ զարգացվածության մակարդակ ունեցող երկիր: Այդ իսկ պատճառով 2003թ.` ՀՀ Կառավարությունը մշակեց հայաստանի զարգացման ռազմավարությունը մոտակա տարիների համար:

2004թ մշակվեց ”Հայաստան 2020” Նախագիծը: Այս նախագիծը կազմողները կատարել էին հարցումներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ սփյուռքում: Մասնակիցների 80%-ը կարծում են, որ տնտեսական զարգացման առաջատար խնդիրներից մեկը կայանում է մարդու մտավոր ունակությունների օգտագործումը:
Նախագծում մշակված են 2008-2020թթ. Զարգացման չորս տարբերակներ: Դրանք են.
1. ինտեգրացիա Եվրոպական միությանը,
2. լճացում մեկուսացման պայմաններում,
3. Ռուսաստանին մերձեցում,
4. ռեգիոնալ առաջատար:
Մոդելն ունի երկու ձև` ”փակ” և ”բաց”
Ըստ առաջինի ՀՀ-ի և սփյուռքի ներկայացուցիչների համատեղ ջանջերի հաշվին կատարվում է ազգային տնտեսության վերափոխում բարձր տեխնոլոգիական ճյուղերի հիման վրա:
”Բաց” ձևի համաձայն` նախատեսվում է ՀՀ փոխգործակցությունը խոշոր միասնականացված խմբակցությունների հետ, որոնք կարող են լինել կա'մ եվրոպական, կա'մ ռուսական:
ՀՀ ազգային մտածելակերպը 21-րդ դարում պետք է ձևակերպվի որպես տնտեսությունում և քաղաքականությունում արդյունավետ պետության և շուկայական դեմոկրատական հարաբերությունների հիման վրա մարդու կյանքի բարձր որակի ապահովումը:
Այս նպատակների համար մշակվել է նաև Կայուն զարգացման ծրագիրը (2009-2012թթ): Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ) հաստատվեց 2008 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ Կառավարության կողմից 1207-Ն որոշմամբ: ԿԶԾ-ի ռազմավարությունը բաղկացած է երեք հիմնական գերակա ուղղություններից` կայուն և արագ տեմպերով տնտեսական աճի ապահովումը, ակտիվ և բնակչության խոցելի խմբերին (ներառյալ աղքատներին) ուղղված նպատակային սոցիալական և եկամտային քաղաքականության իրականացումը և երկրի կառավարման համակարգի արդիականացումը` ներառյալ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը և պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսային փաթեթի առաջանցիկ աճի ապահովումը: Միաժամանակ նշված գերակայությունների իրացման գործընթացը կզուգակցվի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման խնդիրների լուծմամբ:
Վերը նշվածները վկայում են այն մասին, որ ՀՀ կառավարությունը մշտապես հոգում է երկրի բիզնես միջավայրի բարգավաճման, կրթական որակի բարձրացման (անդամակցումը Բոլոնիայի հռչակագրին) համար:

Ինովացիան` որպես ռազմավարական գերակա ուղղություն:

Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) վերջին 2-3 տասնամյակների ընթացքում մի շարք երկրների տնտեսությունների զարգացման հիմք են հանդիսացել կամ առնվազն մեծ դերակատարություն են ունեցել տնտեսությունների զարգացման գործընթացներում:
Հայաստանը, գիտակցելով իր տնտեսության զարգացման սահմանափակ հնարավորությունները և բացահայտելով այլ երկրների գրավիչ օրինակները 2000թ.-ից հռչակեց և “բռնեց” գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղին` ՏՏ բնագավառի զարգացման հիմքով: Իհարկե, այս պետական որոշումն անհիմն չէր` պատմականորեն ձևավորված որակյալ և ճանաչված գիտակրթական համակարգ, տաղանդաշատ մարդկային ռեսուրսներ, միջազգայնորեն մրցունակ վարձատրություն: Ինչն էր պակասում: Իհարկե միջոցները: Սակայն ինչպես պարզվեց ընթացքում, նպատակների իրագործման համար գիտակրթական համակարգն արդեն այն հայտնի համակարգը չէ (ոչ արդի կրթական ծրագրեր, տեխնիկական բազա), իսկ առկա մասնագետների արտահոսքը 1990-ականներին տվյալ փուլում որոշիչ դեր խաղաց: Միայն վարձատրության մակարդակն էր մրցունակ, որը վերջին շրջանում դրամի արժեվորման պարագայում արդեն կորցնում է իր այդ հատկանիշը:
Վերջին 5-7 տարիների ընթացքում Հայաստանը փորձեց կազմակերպել այս բնագավառը: Բնագավառը իհարկե աճեց: 2003-2006 թթ. Հայաստանի ՏՏ սեկտորի քանակական ցուցանիշները աճել են 2-3 անգամ: Սակայն արդյունքները թե մեր տնտեսության և թե միջազգային մասշտաբներով գնահատվում են ոչ էական` որոշ գնահատականներով 2006 թ. ՏՏ սեկտորի մասնաբաժինը կազմում էր ՀՆԱ-ի միայն 1.7%-ը, արդյունքը կազմեց մոտ 84 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ ՏՏ ոլորտը հասունացել է մեծամասամբ մասնավոր հատվածի նախաձեռնությունների և օտարերկրյա ներդրումների շնորհիվ: Արդյունքում Հայաստանի ՏՏ ոլորտը հիմնականում կախված է ՏՏ արտադրանքի և ծառայությունների աութսորսինգի (արտապատվիրման) հնարավորություններից և էականորեն չի նպաստում երկրի տնտեսական զարգացմանը: Եվ ներկայումս արդեն հասունացել է Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման որակապես այլ փուլի անհրաժեշտությունը:
Մրցունակ ՏՏ ոլորտի զարգացման համար ներկայումս Հայաստանը համապատասխան օրենսդրական նոր նախաձեռնությունների, շուկայական և ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների, ինչպես նաև էլ-հասարակության բաղադրիչների ստեղծման լուրջ կարիք ունի: Չնայած Հայաստանը ազատականացրել է մաքսային և առևտրային ռեժիմները, սակայն ՏՏ ոլորտի զարգացումը լրջորեն խոչընդոտվում է անարդյունավետ վարչարարության, բնագավառի զարգացմանը աջակցող հատուկ պայմանների բացակայության պատճառով: Այս կապակցությամբ պետք է նշել, որ 2005թ. Ընդունվել է ինովացիոն գործունեության հայեցակարգը և 2005-2010թթ. գործունեության ծրագիրը, ինչպես նաև «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» օրենքը:
Հատկանշական է նաև, որ միջազգային առաջատար ՏՏ ընկերությունները դեռևս Հայաստանում առկա չեն կամ չեն իրականացնում մեծածավալ գործունեություն: Հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ այս կամ այն երկրի ՏՏ բնագավառը և անգամ երկրի տնտեսության զարգացումը պայմանավորվել է երկրներում նմանատիպ ընկերությունների գործունեությամբ (Dell` Իռլանդիայում, Microsoft` Իսրայելում, Nokia` Ֆինլանդիայում և այլն): Եվ բնականաբար Հայաստանի ոչ գրավիչ լինելը այս ընկերությունների համար ունի իր հիմքերը` սահմանափակ մարդկային ռեսուրսներ և սպառման շուկա, երկրի աշխարհաքաղաքական կարգավիճակ, ներքին բիզնես միջավայր և մթնոլորտ:
Չնայած Հայաստանի ՏՏ ոլորտն ունի բարձրագույն կրթությամբ ՏՏ մասնագետներ, սակայն ներկայիս կրթական մակարդակը անկարող է բավարարելու ՏՏ շուկայի որակյալ մասնագետների պահանջարկը` համալսարան-արդյունաբերություն և միջազգային անարդյունավետ փոխհամագործակության, համապատասխան դասախոսական կազմի և ֆինանսական ռեսուրսների պակասի պատճառով: Բնագավառը նաև պատրաստված մենեջերների լուրջ կարիք ունի:
ՀՀ ՏՏ բնագավառի մասնագետների թվաքանակը 2006թ. գնահատվում էր մոտ 4200 մարդ: Մի քանի պատկերավոր համեմատում ՏՏ հաջողված զարգացում ապրած երկրների հետ` 1980թ.-ին Իսրայելում առկա էր մոտ 5 հազար մասնագետ, Իռլանդիայում` մոտ 7 հազար և այս ցուցանիշները 2-3 տասնամյակում աճել են տասնապատիկ անգամ, իսկ նույն Հնդկաստանում 2005թ. մոտ 1 մլն ՏՏ մասնագետ կար և որոշ գնահատականներով 2008թ.-ին ՏՏ հատվածում աշխատուժի պահանջարկը կհասնի ավելի քան 9 միլիոնի:
Բնականաբար, միայն այս տեսակետից, որն ի դեպ ամենաէական գործոններից է, հարց է առաջանում` ՙՈրն է Հայաստանի շանսը միջազգային ՏՏ ասպարեզում՚: Եվ հավանաբար հետևյալ պատասխանն է տրամաբանական` ՙՓոքրաքանակ կազմով` բարձր որակ՚: Հաշվի առնելով մեր մարդկային ռեսուրսների կարողությունները, օրինակ, Հայստանը կարող է մասնագիտանալ բարդ ՏՏ համակարգերի, լուծումների մշակման վրա: Սակայն մինչև հայկական ՏՏ բրենդի միջազգային ճանաչումը հավանաբար միակ ուղղին է որևէ առաջատար ՏՏ երկրի աշխատանքների ենթակապալառու հանդիսանալը կամ միջազգային խոշոր ՏՏ ընկերությունների մեծածավալ ծրագրերի ներգրավումը ՀՀ: Ամեն դեպքում, հայկական ՏՏ բրենդի ճանաչումը երկարատև` առնվազն 1-2 տասնամյակների գործընթաց է:
Երկրի ՏՏ բնագավառի զարգացման մյուս տարբերակը` ներքին ՏՏ պահանջարկի խթանում է և առաջարկի զարգացումը Էլ-հասարակության (էլ-կառավարություն, Էլ-առևտուր և այլն) ձևավորման միջոցով: Հայստանի համար օրինակ կարող է հանդիսանալ իր պատմությունով և հնարավորություններով շատ նման և Էլ-հասարակության զարգացումով հաջողված Էստոնիան, կամ թեկուզև Հարավային Կորեան:
Որոնք են Հայստանի ՏՏ զարգացման մոտեցումները, սցենարները: Առաջին տարբերակը` հաջողված ՏՏ երկրների փորձի արդյունավետ նմանակումն է: Երկրորդը` սեփական զարգացման ուղղին, որը պետք է մի քանի քայլ առաջ լինի հայտնի փորձից, իսկ այդ քայլերը մեզ դեռ հայտնի չեն, քանի որ չկան անգամ յուրօրինակ փորձի առաջին քայլերը:
Այլ երկրների փորձի վրա հիմնված, Հայստանը ՏՏ զարգացման քաղաքականությունում պետք է շեշտադրումներ անի ինովացիոն քաղաքականությանը, մարդկային կապիտալի, ֆինանսական և հարկային քաղաքականությունների, ինչպես նաև ներդրումային մթնոլորտի զարգացման վրա: Ինովացիոն քաղաքականությունը բնագավառի հիմնական շարժիչ ուժն է հանդիսանում, իսկ մարդկային կապիտալի արդյունավետ քաղաքականությունը դիտվում է որպես պրոգրեսիվ ՏՏ ոլորտ ունենալու նախապայման և ՏՏ զարգացման հիմնական և երկարաժամկետ շարժառիթ: ֆինանսական և հարկային քաղաքականությունները բնագավառի զարգացման գործարկման և արագացման հիմնական գործիքներից են հանդիսանում, իսկ ներդրումային բարենպաստ մթնոլորտը բնականաբար ՏՏ բնագավառին անհրաժեշտ տեղական և արտերկրյա ուղղակի ներդրումների ապահովման նախապայմանն է:
Երկրների և դրանց տնտեսություն միջազգային մրցակցության, ինչպես նաև ՏՏ սեկտորի զարգացման կարևոր նախադրյալներից մեկն է ինովացիոն քաղաքականությունը: Փոքր երկրները սովորաբար շեշտադրումներ են անում իրենց ազգային ինովացիոն համակարգի առկա առավելությունների վրա` միջազգային շուկայի որոշակի սեգմենտներում ավելի մրցունակ լինելու նպատակով: Ինովացիոն քաղաքականությունները մեծամասամբ ուղղված են ինովացիոն կլաստերների տարածմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը, հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) ֆինանսավորմանը և խթանմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև համագաործակցության ցանցերի ստեղծմանը և ինտեգրմանը: ՀևՄ գործունեությունը համարվում է արտադրողականության և մրցակցության աճի հիմնական բաղադրիչը: ՀևՄ գործունեությունը ներառում է ռազմավարական և կիրառական հետազոտության բնագավառները: Հետազոտական գործունեության ընդհանուր զարգացման համար կարևոր է նաև փոքր և միջին ՀևՄ ձեռնարկությունների ներգրավումը գործընթացում: Մի շարք երկրներում կառավարությունները փորձում են առաջ մղել արդյունաբերական սեկտորի և հետազոտական ձեռնարկությունների միջև համագործակցությունը` շեշտադրում անելով տեխնոլոգիաների և հետազոտությունների զարգացման, առևտրայնացման, կիրառման և փոխանցման վրա:
Որպես ՏՏ ենթակառուցվածքի հիմք երկրները ստեղծում են ՏՏ ՓՄՁ-րի ինկուբատորներ, տեխնոպարկեր, տեխնոլոգիաների փոխանցման կետրոններ, ազատ տնտեսական գոտիներ: Բիզնես ինկուբատորներն իրենցից ներկայացնում են տվյալ ոլորտում արդյունավետ գործող և ըստ ժամանակի մեծ փորձ ունեցող ընկերություններին, որոնք կարող են նոր ստեղծվող ՓՄՁ-ներին տրամադրել համատեղ օգտագործման միջողով կարևորագույն արտադրական գործոններ և նրանց բազադրիչներ /մեքենասարքավորումներ, հումք, նյութեր, մարքեթինգային, կառավարչական և խորհրդային ծառայություններ/: Սրանք սովորաբար ստեղծվում և աջակցվում են կառավարության կողմից: Այդ օգնությունը հաճախ լինում է չօգտագործվող տարածքներն անվճար տրամադրվելու ձևով: Տեխնոպարկը գիտական կենտրոնի շուրջ համախմբված նորաստեղծ ձեռնարկությունների համախումբ է, որն առաջարկում է ժամանակակից բարձրորակ խորհրդատվություն և տեղեկատվություն` ուղղված ձեռնարկությունների տեխնոլոգիական զարգացմանը, արտադրանքի որակի կատարելագործմանը, ինչպես նաև տրամադրում է իրացման շուկաների ուսումնասիրություններ իրականացնելու լայն հնարավորություններ: Այս տարրերը միջազգային ասպարեզում համեմատաբար նոր երևույթներ են, բայց արագորեն տարածվում են: Դրանց նկատմամբ հիմնականում կիրառվում են հատուկ հարկային խթաններ, դրանք ունենում են մասնագիտացումներ, մասնավորապես տարածված են ծրագրավորման հատվածի օրինակներ: Ծրագրավորման փոքր ձեռնարկությունները հարմար են ինկուբացիայի համար, ինչպես նաև փոքրածավալ գրանտային ֆինանսավորման տեսակետից: Իսրայելում ինկուբատորների վրա հիմնված ընկերությունները նախկին Խորհրդային Միությունից գաղթած մոտ 65000 ճարտարագետների ապահովել են աշխատանքով, Հարավային Կորեան ունի մոտ 300 ինկուբատորներ, 2005թ. Հնդկաստանը ուներ ավելի քան 40 ՏՏ արդյունաբերական ինկուբատորներ և տեխնոպարկեր, Իռլանդիան ունի 25 տեխնոպարկեր: Տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնները առկա են Իսրայելի և Հարավային Կորեայի գրեթե ամեն մի համալսարանին կից: Ազատ տնտեսական գոտիները կիրառում են գտել Հարավային Կորեայում, Իռլանդիայում, Եգիպտոսում և այլն: Ի համադրություն սրա, ասենք, որ ՀՀ-ում առկա են միայն մեկ ինկուբատոր և մեկ տեխնոպարկ, իսկ տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնները և ազատ տնտեսական գոտիները բացակայում են: : ՀՀ-ում գործում է “Վիասֆեր” տեխնոպարկ, որը մասնագիտացված է կիսահաղորդիչային չիպերի մոդելավորման և արտադրության ծրագրավորման մեջ: Սրանց ստեղծման նպատակն է նոր աշխատատեղերի ստեղծումը, փոքր բիզնեսի հիմքի վրա գործարար կյանքի աշխուժացում: Տեխնոպարկի կարևորագույն ուղղությունն է ակտիվ ազդեցությանը մթնոլորտային երևույթների վրա (կարուկուտի կանխում, կայծակների էներգիայի օգտագործում): Տեխնոպարկում նախատեսվում է ստեղծել խոշոր ուսումնական կենտրոն, որտեղ բարձր կուրսերի ուսանողները ծանոթանալու են ժամանակակից ծրագրավորման մեթոդներին: Եվ ամենակարևորը տեխնոպարկի մեջ ընդգրկված ֆիրմաները վերջերս հայտարարել են ՀՀ առաջին վենչուրային հիմնադրամը: Պետք է նշել, որ այս տարի ստեղծվել է առաջին` FREDA վենչուրային հիմնադրամը:
Այժմ ուզում ենք ներկայացնել մի քանի հետազոտողների տեսկաետներ այս ոլորտի խոչընդոտների, դրանց առաջացման հիմքերի մասին, ինպես նաև կներկայացնենք նրանց առաջարկած հնարավոր լուծումները այդ հարցերի մեջ:
Մասնավորապես Յու. Գավրիելենկոն փորձել է կառուցել նորարարական ծրագրերի գնահատման մոդել, որը թույլ է տալիս զարգացնել որոշումների ընդունման մեխանիզմը` այս կամ այն նորարարության զարգացման և հետագա ներդրման խնդիրների լուծման ասպարեզում:
Գ. Լ. Հովհաննիսյանը ուսունասիրել է ՀՀ անցումային շրջանում տնտեսական աճի վրա ներդրումային գործընթացերի ազդեցությունները: Բաժանելով տնտեսական աճի վր ազդող գործոնները 2 խմբի` տնտեսական և ոչ տնտեսական, նա առաջարմում է տնտեսական աճի մոդել, որի օգնությամբ գնհատում է տարբեր աղբյուրներից կատարված ներդրումների դերը ՀՆԱ աճի վրա: Արդյունքում եկել է եզրակացության, որ արտասհմանյան ներդրումները ոչ միայն ավելի արդյունավետ են այլ միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածներում խրախուսում են ինվեստիցիաների աճը ներքին աղբյուրններից:
Գիտատեխնիկական առաջընթացի և հասարակության հետագա զարգացման համար պետության գիտական ներուժի անըդհատությունն ապահովելու և անկաշկանդ գործելու համար Հ.Ս. Գալստյանը (ուսումնասիրել է մտավոր սեփականության կառավարման հիմնախնդիրները) առաջարկում է ստեղծել պետական կարգավիճակ ունեցող միասնական կառույց` պետական հանձնաժողով կամ պետական խորհուրդ: Ստորև ներկայացվում է գծապատկերը:














Գ.Վ. Գևորգյանն իր հետազոտություններում եկել է այն եզրակացության, որ “ՀՀ-ում անցումային փուլում առաջանում են ինովացիոն գործընթացների ռիսկի աստիճանը բարձրացնող յուրահատուկ գործոններ: Մի կողմից տնտեսական անբարենպաստ վիճակը հանրապետությունում առաջադրում է կազմակերպությունների անհապաղ տեխնոլոգիական և տեխնիկական վերազինում, մյուս կողմից արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը խոչընդոտում է դրան: Այս իսկ պատճառով իրական անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր ինովացիոն գործընթաց սկսելուց առաջ գնահատել ինովացիոն ռիսկը: Նա փորձել է լուծել գիտահետազոտական աշխատանքների ֆինանսաորման հարցը, առաջարկելով լիցենզիաների արտահանում կամ ներքին շուկայում դրանց իրացումը, ինչը նրա կարծիքով թույլ է տալիս լուծել գիտահետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հայթայթման հիմնախնդիրները, կարճ ժամանակում փոխհատուցել հետազոտական ծախսերը և վերջապես արագացնել ազգային գիտահետազոտական առաջընթացը: Ինչպես ինովացիոն ռիսկերի ճիշտ գնահատումը, այնպես էլ գիտահետազոտական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների կայունությունը թույլ կտա զգալիորեն բարձրացնել ՀՀ տնտեսական անվտանգությունը:
Հաշվի առնելով մեր երկրի մասշտաբը, աշխարհաքաղաքական կարգավիճակը, պատմական ձևավորված նախադրյալները ՏՏ բնագավառի զարգացման լավագույն փորձը դրսևորած` Հայստանի համար հենանիշային երկրներ կարող են հանդիսանալ Իսրայելը, Իռլանդիան, Էստոնիան, Հարավային Կորեան և Սինգապուրը, որոշ ասպեկտներում նաև Եգիպտոսը, Հնդկաստանը:
Ինչով են հատուկ այս ընտրությունները և որ գործոններն են որոշիչ: Դիտարկենք հիմնականները:
Իսրայել. Իսրայելի ՏՏ սեկտորի հաջողության և մրցակցային առավելության հիմնական գրավականները վերագրվել են Իսրայելի կենտրոնացմանը ՀևՄ-ին: Երկրի ՀևՄ ներուժը` կառավարության կողմից ստեղծված ակադեմիական ՀևՄ ենթակառուցվածքը, հիմնարար և կիրռական հետազոտությունները և դրա զարգացած տեխնիկական բազան, կրթական համակարգը և համալսարանական մակարդակի հետազոտությունների հովանավորումը Իսրայելի ՏՏ ինդուստրիայի հաջողության գլխավոր նախադրյալներն էին: Իսրայելը շեշտը դրել է ՀևՄ տեղական ֆիրմաների կողմից թելադրված առաջին հերթին ՙԱՄՆ-Իսրայել՚ արդյունաբերական սերտ հարաբերությունների, վաճառքի և մարքեթինգի վրա կենտրոնացած ամերիկացի գործընկերների վրա: Միևնույն ժամանակ Իսրայելի զարգացման գործակալությունները փորձել են գրավել արտասահմանյան ընկերություններին` Իսրայելում ՀևՄ կենտրոններ հիմնելու համար: Իսրայելի հաջողության առանցքային գործոններից են` սփյուռքի ներգրավումը գործընթացներին (որպես գիտության և ֆինանսական ռեսուրսների մեծ աղբյուր), օրենսդրական և ֆինանսական ենթակառուցվածքների նպատակային զարգացումը և մեկնարկային վենչուրային կապիտալը: Այլ կարևոր գործոններից են պետական-մասնավոր ոլորտ համագործակցությունը, նորարարությունների ու ՀևՄ առևտրայնացման կիրառված մեխանիզմները: Որոշիչ դեր են խաղացել նախկին Խորհրդային Միությունից ճարտարագետների և ՏՏ մասնագետների մեծ ներհոսքը և վերջիններիս աջակցության նպատակով ԱՄՆ մեծածավալ (10 մլրդ ԱՄՆ դոլար) ներդրումները, ռազմական արդյունաբերությունը: Յուրահատուկ դեր է խաղացել գՙլխավոր գիտնականների գրասենյակը՚ (OCS), որը մասնագիտորեն կառավարել է ՏՏ բնագավառի ներդրումները, խթանների և արտոնությունների տրամադրման գործընթացը: OCS-ը չորս նոր ծրագրեր գործարկեց` տեխնոլոգիական ինկուբատորներ, Յոզմա ($100 մլն վենչուրային կապիտալ), Ինբալ ծրագիր (կառավարական ապահովագրական ընկերություն), Մագնետ ծրագիր (իսրայելյան երկարատև մրցակցային առավելությունների զարգացում):
Իսրայելի աշխատուժը դասվում է աշխարհի կրթվածության ամենաբարձր մակարդակ ունեցողների շարքին, իսկ բարձրագույն կրթության հաստատությունները ունեն բարձր որակ: Բնակչության 20 տոկոսն ունեն գիտական աստիճան: Ունենալով մոտավորապես յոթ միլիոն բնակչություն` աշխարհում հրատարակված գիտական աշխատանքների մոտ մեկ տոկոսը (և մեկ անձին ընկնող գիտական աշխատությունների ամենամեծ թիվը) բաժին է ընկնում Իսրայելին: Իսրայելի արդյունաբերությունում ամեն հազար աշխատողից երեսունը ներգրավված են ՀևՄ գործունեության մեջ: Իսրայելի ՀՆԱ-ի 4.8% բաժին է ընկնում հասարակական ՀևՄ-ին` ի համեմատ ԱՄՆ-ի 2.8%-ի, Ճապոնիայի 3.1%-ի, Ֆինլանդիայի 3.5%-ի և Շվեդիայի 4.3%-ի: Ճարտարագետների քանակը 10,000 մարդու հաշվով Իսրայելում կազմել է 135, իսկ օրինակ ԱՄՆ-ում` 70, Ճապոնիայում` 65, Նիդեռլանդներում` 53:
1984թ. ընդունված ՀևՄ մասին Իսրայելի օրենքը և 1985թ. համակարգչային ծրագրերի սեկտորի ճանաչումը որպես տնտեսության արդյունաբերության ճյուղ մեծ դեր են խաղացել վերջինիս զարգացման գործում: Օրենքը խթանել է ՀևՄ գործունեությունը, ռազմավարական և կիրառական ՀևՄ, ներդրումները, միջազգային ընկերությունների մուտքը երկիր և տեխնոլոգիական ինկուբատորների տարածումը: Հատկանշական է, որ հետազոտական գործունեությամբ զբաղվող Իսրայելի յուրաքանչյուր համալսարան ունի տեխնոլոգիաների փոխանցման իր սեփական ընկերությունը, Իսրայելը մոտ 40 երկրների հետ գիտական համագործակցության համաձայնագրեր ունի և աշխարհի ամենամեծ ընկերություններից շատերը, ինչպիսիք են Intel-ը, IBM-ը, Microsoft-ը, Motorola-ն, Applied Materials-ը, BMC-ն, HP-ին երկրում հիմնել են ՀևՄ կենտրոններ: Իսրայելի ճանաչված ՏՏ արտադրանքներից է Microsoft Windows համակարգի անվտանգության համակարգը:
Իռլանդիա. ՏՏ խթնաման համար նպաստավոր հարկային ռեժիմ ունեցող Իռլանդիան Հայաստանի համար հենանիշ երկիր է մեկ այլ տեսանկյունից` արտերկյա ուղղակի ներդրումների (ԱՈՒՆ) խթանման համար ինստիտուցիոնալ մոտեցումների, ՏՏ զարգացման համար պետական միջոցների օգտագործման և միջազգային համագործակցության խթանման լավագույն փորձի տեսանկյուններից: Իռլանդական քաղաքականությունը շեշտադրում է ԱՈՒՆ ուղորդված ռազմավարությանը` որպես տեղական ՏՏ ինդուստրիայի զարգացման երկարատև ռազմավարության հիմք: Իռլանդական ռազմավարության առաջնային նպատակը եղել է մեծ թվով օֆշորային /արտասահմանյան/ ընկերությունների ներգրավումը գործընթացին և այնուհետև նրանց օգնությամբ ներքին ՏՏ սեկտորի և ընդհանուր տնտեսության զարգացումը: ՏՏ բնագավառի հարկային խթանները վերջին տասնամյակում մեծ դեր են կատարել Իռլանդիայի մրցակցության զարգացման գործում:
Որոշիչ դեր են խաղացել բնագավառը համակարգող կառույցները` ՙՆերդրումների զարգացման գործակալությունը՚ (IDA) և ՙՁեռնարկություն Իռլանդիա՚-ն (EI), որոնք համակարգել են ներդրումների, համագործակցության, խթանների կիրառման գործընթացները: Իռլանդիաի ՏՏ բնագավառը զարգացում ապրեց բավականին կարճ ժամանակահատվածում` սկսած 1990-ականներից սկզբից և արդյունքում դարձավ ՏՏ ապրանքի ամենամեծ արտահանողներից մեկը աշխարհում:
Համաձայն Ա.Թ. Կերնիի 2004 թ. օֆշորային դիրքի գրավչության ինդեքսի` Իռլանդիան զբաղեցնում է երրորդ տեղը աշխարհում և ՀևՄ գործունեության համար ապահովում է ներդրումներին նպաստող լավագույն գործարար մթնոլորտը: 1992 թվից սկսած Իռլանդիայում գրանցվել է ՏՏ սետկորի 19% միջին տարեկան աճ: Իռլանդիայի ՏՏ հետ կապված սեկտորները ունեն մոտ 80,000 աշխատողներ: Ըստ
Եվրոպայի համակարգիչների 1/3-ը Իռլանդիայում արտադրված համակարգիչներն են:
Էստոնիա. Էստոնիան տեղեկատվական տեխնոլոգիաների հաջողակ ներդնողն է և սպառողը: Էստոնիան կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների մեջ առաջիններից է եղել ֆիքսված կապի հեռահաղորդակցության շուկայի ազատականացման գործում: Էստոնիայի հեռահաղորդակցության ենթակառուցվածքը զարգացած է և լիովին արդիականացված: Էստոնիայի կառավարության, կրթական և բժշկական սեկտորները ունեն պետական ֆինանսավորումով ինտերնետ կապ, իսկ հանրությանը հասանելի է մատչելի գներով ինտերնետ կապ: Ինտերնետի գնի և որակի չափանիշներով Էստոնիան 21-րդ տեղն է զբաղեցնում: Ցանցային պատրաստվածության ցուցանիշով Էստոնիան 23-րդն է բոլոր երկրների շարքում, ինչը համեմատելի է Ֆրանսիայի և Իսրայելի մակարդակի հետ:
Էստոնիայի ՏՏ զարգացման հաջողությունը պայմանավորված է ակտիվ մասնավոր և նպատակասլաց պետական սեկտորներով: Նոր բանկային սեկտորը ամենատեսանելի նորարարն է եղել` երկրի ՏՏ զարգացման մեջ ունեցած մեծ դերով: Էլ-հասարակության զարգացման հիմք են հանդիսացել դպրոցների համակարգչայնացման ծրագիրը (Tiger Leap), պետական հաստատությունների համակարգչային ցանցը (Pea Tee), տարածաշրջանների էլեկտրոնային կապը (KՖlaTee), Էլ-կառավարության և քաղաքացիների էլեկտրոնային պորտալները (eRIIK, Teabeportaal, Kodanikuportaal, X-Tee), հասարակական էլեկտրոնային նույնականացուցիչը (Public Key Inftastructure), էլ-առևտրի ոլորտի նախաձեռնությունները (B2C նախագիծ):
Աշխարհում ճանաչում գտած էստոնական ՏՏ արտադրանքներից է Skype համակարգը:
Հարավային Կորեյա. 2007 թ. սկզբերին բնակչության 29%-ը և բոլոր տնային տնտեսությունների 90%-ը արագագործ ցանցի բաժանորդներն էին: Հարավային Կորեայի մեկ շնչին բաժին ընկնող արագագործ ցանցային ծառայությունների թվաքանակը ամենամեծն է աշխարհում:
Հարավային Կորեայի տեղեկատվական հասարակության հաջողությունը ձևավորվել է հետևյալ բաղադրիչների կառուցման արդյունքում` Պետության հիմնական տեղեկատվական համակարգի /National Basic Information System/, տեղեկատվական ենթակառուցվածքի նախաձեռնության (KII` էլ-կառավարություն, հանրություն և այլն), իրավական համապատասխան համակարգի (երկրի ինֆորմատիզացիայի և Էլ-առևտրի մասին օրենսդական ակտեր), ներդրումների արդյունավետ ռազմավարության (հիմնադրամի ստեղծում, ՙներդրումներից հետո գումարի վճարում՚ ծրագիր), մասնավոր սեկտորի կողմից նախպաձեռնությունների արագ ընդունման (էլ-առևտուր և այլն), իֆչպես նաև “Cyber Korea 21” գիտելիքահենք տնտեսության ստեղծման, ”E-Korea” ենթակառուցվածքի և տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման և առաջընթացի և ”U-Korea”` ՙՏՏ առավելություններ` ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում՚ խորագրով ազգային ծրագրերի իրականացման շնորհիվ:
Այպիսով, ամփոփելով հենանիշային երկրների լավագույն փորձը և մեր իրավիճակը, հավանաբար մոտ ապագայում ՀՀ ՏՏ բնագավառի հավակնումը լուրջ արդյունքների իրատեսական չէ, թեկուզև այն պարզ պատճառով, որ առկա չեն բավականաչափ ՏՏ մասնագետներ, իսկ դրանց պատրաստումը երկարաժամկետ խնդիր է, և Հայստանը ՏՏ աշխարհում դեռ ճանաչում չունի: Ներկայումս, ՀՀ ՏՏ բնագավառի զարգացման տրամաբանական սցենարն է շեշտադրումներ անել ՏՏ մասնագիտական կրթական ծրագրերի արդիականացմանը և ընդլայնմանը (չմոռանալով դրա մատչելիության մասին), ինովացիոն համակարգի վերակենդանացմանը և դրա ներգրավմանը միջազգային ծրագրերում, ՏՏ ենթակառուցվածքի ձևավորմանը (ինկուբատորներ, տեխնոպարկեր, տեխնոլոգիաների փոխանցման կենտրոնների ստեղծում, այդ թվում ԱԱ ինստիտուտների բազայի հիման վրա), ՏՏ ձեռներեցության, այդ թվում ՓՄՁ-րի ակտիվացման հիմքերի ապահովմանը (խթաններ, արտոնություններ, ֆինանսավորում), Էլ-հասարակության արագ ձևավորումը (էլ-կառավարություն, էլ-առևտուր, էլ-կրթություն և այլն), հասարակության էլ-կրթվածության բարձրացմանը` էլ-հասարակության բաղադրիչների պահանջարկի թելադրման նպատակով:
Իսկ մինչդեռ կձևավորվի ներքին և արտաքին պահանջարկով թելադրված մարդկային ռեսուսների բազան, հավանաբար անհրաժեշտ է փորձել ներգրավել երկիր արտերկրյա ՏՏ մասնագետների և հետազոտողների, ինչպես դա արեց օրինակ Իռլանդիան:
Բնականաբար անհրաժեշտ են բնագավառը համակարգող գործադիր պատասխանատուներ, օրինակ ՏՏ հատվածի գործադիր կառույց, արտասհամանյան հաղորդկացման կառույց, գլխավոր գիտնականների գրասենյակ:
Սփյուռքի դերակատարումը ՏՏ բնագավառի զարգացման գործում իհարկե կարող է մեծ լինել, սակայն հավանաբար էական սպասումներ չեն կարող լինել, որը բխում է արդեն կուտակված փորձից: Ավելի արդյունավետ կարող են լինել միջազգային առաջատար ՏՏ երկրների, ընկերությունների հետ բիզնես հարաբերությունները:
Այս ամենը իհարկե պետք է ապահովել պետական կամքի և քաղաքականության հետևողականության դրսևորումով, որը վերջին շրջանում հուսադրող է:

No comments:

Post a Comment