Wednesday, December 23, 2009

Անհատական աշխատանք/ Տերտերյան Լիլիթ

ՀՀ տնտեսական զարգացման ռազմավարությունը և ինովացիայի դերը

Հայաստանի համար անկախության տարիները եղան ինչպես տնտեսության անկման, այնպես էլ վերելքի տարիներ: Սոցիալ-տնտեսական ոլորտներում կտրուկ վերափոխումներն առաջացրել են բոլոր եղած ներքին միջոցների մոբիլիզացիա, որպեսզի ՀՀ-ն դառնա մրցունակ երկիր: ՀՀ կառավարությունը տնտեսության մեջ որդեգրեց շուկայական հարաբերություններին անցնելու քաղաքականությունը, որի իրականացաման նպատակով սկիզբ դրվեց ազատական արժեքների վրա հիմնված տնտեսական բարեփոխումների գործընթացին: Տնտեսության ազատականության, ներդրումային և գործարար ակտիվության բարձրացման, ազատ առևտրային ռեժիմի ապահովման և համաշխարհային տնտեսության մեջ երկրի լիարժեք ինտեգրման քաղաքականության անշեղ և հետևողական իրականացման արդյունքում բարձրացել է Հայաստանի տնտեսության կանխատեսելիության աստիճանը, և նվազել ռիսկայնության մակարդակը, ինչն ակնհայտորեն դրական է անդրադարձել մեր երկրի վարկանիշի վրա:

2003թ.-ին ՀՀ կառավարությունը մշակեց Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարությունը մոտակա տարիների համար: Ռազմավարությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության սահուն անցում աղքատ երկրների շարքից փոքր և միջին բիզնեսը զարգացնող երկրների շարք: 2004թ.-ին մշակվել է “Հայաստան 2020” նախագիծը: Այս նախագծում մշակված են 2008-2020թթ. ՀՀ զարգացման չորս տարբերակներ: Դրանք են`
1. ինտեգրացիա Եվրոպական Միությանը,
2. լճացում մեկուսացման պայմաններում,
3. Ռուսաստանին մերձեցում,
4. ռեգիոնալ առաջատար:
Վերջինի պայմանական անվանում է “սիՆգապուրյան մոդել”, քանի որ ՍինգաՊոՒրը, լինԵլՈվ փոքՐիկ Պետություն Հարավ-Արևելյան Ասիայում և չունենալով ոչ մի պաշար, դարձել է տնտեսական վագր` ինովացիոն տնտեսության զարգացման հաշվին: Այս տարբերակը ենթադրում էՀայաստանի արագ անցումը զարգացման ինովացիոն մոդելին, որի հիմքում դրված է նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը մարդկային գործունեության բոլոր ոլորտներում:
Այժմ ցանկանում եմ նշել, թե ինչ աշխատանքներ են կատարվել Հայաստանի Հանրապետությունում այս ուղղությամբ, ինչ արդյունքներ են գրանցվել և ինչ հեռանկարներ կան:
Հայաստանի համար ներկա փուլի ռազմավարական գերխնդիրը գիտելիքահենք տնտեսության կառուցումն է, հիմնված գիտատեխնիկական առաջընթացի համար առկա լուրջ նախադրյալների առավելագույնս իրացման վրա: Շեշտադրումը կատարվում է մարդկային զարգացման վրա` կարողությունների բացահայտման և ավելացման, գիտական մտքի կիրառության խթանման և, վերջին հաշվով, գիտատեխնիկական արագաքայլ առաջընթացի միջոցով:
Տնտեսությունը որակապես նոր մակարդակի վրա փոխադրելու, այսինքն, նոր ստեղծված արժեքում գիտատար ապրանքների, տեխնոլոգիաների, ծառայությունների տեսակարար կշիռն ավելացնելու միջոցով տնտեսական զարգացման քաղաքականությունն իրականացվում է հետևյալ ռազմավարական ուղղություններով.
գ Մրցակցային առավելությունների ձևավորում
Մրցակցային առավելությունների ձևավորման գործընթացը հանրապետությունում ընթանում է այն հիմնական ռազմավարական սկզբունքի ընկալմամբ, համաձայն որի մրցունակությունը ոչ թե ժառանգվում, այլ ձեռք է բերվում ժամանակի հետ համընթաց: Տնտեսության մրցունակությունը կախված է իրական հատվածում արդրականացման և նորարարությունների ներդրման հնարավորությունից: Մրցունակության բարձրացման քաղաքականությունը Հայաստանում կենտրոնացված է տնըեսության առանձին ոլորտների և բնագավառների վրա: Գերխնդիրն այնպիսի ճյուղերի գերակշռության ապահովում է, որտեղ արտադրության գործոնները բարձր որակավորում ունեցող կադրերն են և հզոր գիտատեխնիկական հենքը, որոնք խոշոր ներդրումներ ներգրավելու և անընդհատ արդիականանալու հատկություն ունեն: Այս համատեքստում է իրականացվում նաև տեխնոլոգիական վերազինման միջոցով բարձր ավելացված արժեք ստեղծող գիտատար արտադրության ներուժի մեծացման քաղաքականությունը:
գ Ինովացիոն գործընթացների զարգացում
Ժամանակակից գլոբալացման պայմաններում, երբ կապիտալի հոսքերը աննախադեպ աճել են և մեծապես ուղղված են բարձր տեխնոլոգիաների ոլորտ, իսկ նորարարությունների ներմուծումը դարձել է շուկայական տնտեսության առանցքային գործոն, ինովացիոն զարգացման քաղաքականությունն ուղղվում է այդ հոսքերի համար Հայաստանը գրավիչ դարձնելուն` առավելագույն կարճ ժամանակաշրջանում երկիրը դարձնելով եթե ոչ բարձր տեխնոլոգիաներ ստեղծող, ապա գոնե այն սպասարկող երկիր:Նման երկրորդային դերից առաջնայինին (սպասարկողից` ստեղծողի) անցման համար իրականացվում է ժամանակակից համակարգերին ինտեգրվելու ունակ գիտահետազոտական համակարգի ձևավորմանն աջակցման քաղաքականություն: Տնտեսության ինովացիոն զարգացումը Հայաստանում մեկնարկել է ազգային ինովացիոն համակարգի ձևավորմամբ: Այս փուլի հիմնական նպատակը ենթակառուցվածքային և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումն է: Հաջորդ փուլում քաղաքականությունը կուղղվի այնպիսի արտադրությունների կազմակերպման խթանմանը, որոնք կարող են յուրացնել նորագույն նորամուծություններ և արտադրել միջազգային չափանիշներով գիտատար արտադրանք դուրս գալով արտաքին շուկաներ:

գ Գործարար միջավայրի շարունակական բարելավում
Գործարար միջավայրի բարելավման և գրավչության մակարդակի շարունակական բարձրացման հիմնական գրավականը համապատասխան նպաստավոր և կայուն իրավական դաշտի առկայությունն է, որի պայմաններում տնտեսվարողը, կրելով միայն գործարար ռիսկեր, ջանքերը կուղղորդվի դեպի կառավարման հմտությունների կատարելագործումը: Այս նպատակով իրականացված և շարունակվող ինստիտուցիոնալ բարեփոխումները (ֆինանսական, ապահովագրական, ստանդարտացման և այլ հատվածներում) կերաշխավորվեն տնտեսության մեջ երկարաժամկետ և լայնածավալ ներդրումների ներգրավում:
Ընդ որում, ակնկալում է, որ վարվող քաղաքականության արդյունքում, ներդրումային անընդհատ աճող հոսքերը (այդ թվում` անդրազգային կորպորացիաների մուտքով պայմանավորված) հնարավորություն կտան ձևավորել ֆինանսաարդյունաբերական խոշոր կենտրոններ, որոնց կլաստերացված հատկության շնորհիվ պայմաններ կստեղծվեն ձեռնարկատիրության հետագա զարգացման համար:
ՓՄՁ կենսունակ և դինամիկ զարգացման համար շեշտը դրվում է ՓՄՁ սուբյեկտների աջակցության պետական հստակ քաղաքականության շարունակականության ապահովման վրա, ինչն արտահատվում վրա, ինչն արտահայտվում է ենթակառուցվածքների ձևավորման, ֆինանսական, մասնագիտական, տեխնոլոգիական, մարքեթինգային հնարավորությունների ընդլայնման հետևողական միջոցառումներում:
գ Արտահանման խթանում
Արտահանման առաջանցիկ տեմպեր ապահովելու համար հանրապետությունում որդեգրվել է արտահանման ուղղակի խրախուսման քաղաքականություն` չբավարարվելով միայն խոչընդոտների արտաքին վերացմամբ: Շարունակաբար վարչարարության պարզեցում կատարելուց բացի ձեռնարկվում են խթանմանն ուղղված որոշակի միջոցառումներ` մի կողմ թողնելով արտահանման աբյեկտիվ սահմանափակումները:Արտահանման ծավալների մեծացման և ներմուծման նկատմամբ դրա առաջանցիկ աճի ապահովման առումով ձևավորված բավականին ազատական դաշտը շարունակաբար բարելավվում է` շեշտադրում անելով հատկապես գիտատար և տեխնոլոգիատար արտադրության արդյունքների արտահանման խրախուսման վրա: Այս քաղաքականության հետագա զարգացումը Հայաստանում ընթանալու է տրանսպորտային հարցի այլընտրանքնային լուծման ապահովման, արտահանողների սուբսիդավորման և/կամ արտոնյալ վարկավորման գործուն համակարգի, արտահանողների ռիսկերի ապահովագրման, մարքեթինգային և որակի կառավարման համակարգերի լիարժեք ներդրման, անդրազգային ընկերությունների ներգրավվման ճանապարհով:
գ Տարածքային զարգացում
Հանրապետությունը կայուն տնտեսական զարգացման հետագիծ դուրս բերելու համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը հավասարակշռված բաշխում ունենա նաև աշխարհագրական առումով: Որդեգրված քաղաքականությունը խնդրի կարգավորումը պայմանավորում է տարածքներում գործարար միջավայրի որակի բարձրացմանբ և տարածքների համաչափ սոցիալ-մշակութային զարգացմամբ, որոնց իրականացման գործում առաջնահերթ լուծումներ են պահանջում կառավարման համակարգի կատարելագործման և ենթակառուցվածքների գործունեության բարելավման խնդիրները:
Ելնելով հիմախնդիրների լուծման առաջնահերթություններից և տարածքային քաղաքականության գերակայություններից` ՀՀ տարածքների տնտեսական զարգացման մակարդակների միջև առաջացած անհամամասնությունների հաղթահարումն իրականացվում և հետագայում ևս ծավալվելու է տարածքներում կլաստերների ձևավորման և զարգացման, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման, ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի սեղծման և իրքնազբաղվածության մակարդակի բարձրացման միջոցով:
Ցանկանում եմ նաև մեջբերել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հարց ում ինովացիայի դերի գնահատման սկզբնական էտապը:
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը սկսել է դիտարկվել որպես տնտեսության զարգացման առաջատար ճյուղերից մեկը։ Եթե 20 տարի առաջ ՏՏ ոլորտի
կիրառությունը խիստ սահմանափակ էր, ապա վերջին տարիներին համակարգչի գործածությունը հասանելի է դարձել գրեթե բոլորին։ Քանի որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի, ուստի “Մայքրոսոֆթ” ընկերությունը նպատակադրված է մեր երկրում մեծացնել համագործակցության շրջանակները, նպաստել ինովացիոն համակարգի ներդրմանն ու զարգացմանը, խթանել նորարարությունը եւ բարձրացնել արտադրողականության մրցունակությունը։ “Մայքրոսոֆթ”–ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը տեղեկացրել է, որ առաջիկա տարիներին այս ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում։ Ինովացիոն համակարգի զարգացմանն ուղղված կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել եւ քննարկել նորարարական եւ առաջատար տեխնոլոգիների կիրառման դերը ՀՀ եւ համաշխարհային տնտեսության զարգացման գործում, քանի որ նորարարությունը շատ է կարեւորվում գիտարար տնտեսության կայացման տեսանկյունից։ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը (այժմ նախարարությունը վերանվանվել և կոչվում է Էկոնոմիկայի նախարարություն) այդ ոլորտը դիտարկելով որպես գիտարար տնտեսության զարգացման խթանիչ, նշել էր, որ վերոնշյալ միջոցառումը ՀՀ կառավարության եւ “Մայքրոսոֆթ” ընկերության միջեւ ստորագրված համաձայնագրի առաջին քայլն է, որով փորձ է արվում զարգացնել ինովացիոն համակարգը եւ առհասարակ ինովացիոն մշակույթը։ “Ինովացիոն մշակույթի ներդրումը Հայաստանի տնտեսական եւ հասարակական կյանքի համար կարող է շատ կարեւոր եւ հեռանկարային ազդեցություն ունենալ։ Այս տարի կառավարությունը առանձնակի է կարեւորում տնտեսության մրցունակության եւ արտադրողականության ավելացումը, կառավարման, ինովացիոն եւ գիտակրթական համակարգերի, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացումը։ Ինովացիոն գործունեության ոլորտում ծրագրերի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի զարգացման այնպիսի դերի ընտրության եւ հրամայականով, որտեղ համակողմանի են հաշվառված առկա իրողությունները, այդ թվում նաեւ բնական եւ տրանսպորտային սահմանափակումները, ինչպես նաեւ գիտության եւ կրթության նկատմամբ էթնիկ հակվածությունը։ Հաշվի է առնված նաեւ բնակչության գիտական ներուժի բարձր մակարդակը”,–նշել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը, հաստատելով այն միտքը, որ ինովացիոն համակարգը կարող է ապահովել ինքնազարգացում։ Նրա համոզմամբ մեր երկրի համար առաջնային խնդիրն այսօր գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացումն է։ “Միայն այս հենքի վրա է, որ Հայաստանի տնտեսությունը կդառնա մրցունակ եւ համաշխարհային շուկայում կապահովի իր տեղն ու դերը։ Կառավարությունն արդեն իսկ նախանշել է մի շարք կարեւոր քայլեր, որոնց շարքից հատկապես կարելի է առանձնացնել ինովացիոն գործունեության պետական աջակցության հայեցակարգի ընդունումն ու տնտեսության աջակցության մասին օրենքի ընդունումը”։ Ինովացիոն գործունեության հիմնական ուղղությունները, նախարարի մատնանշմամբ, լինելու են վենչուրային հիմնադրամների, գիտակրթական կենտրոնների, տեխնոպարկերի եւ ինկուբատորների ստեղծումն ու զարգացումը, որոնց համար բարենպաստ իրավական դաշտի առկայությունը անհրաժեշտ է։ Կարեն Ճշմարիտյանը նոր տնտեսության ձեւավորման եւ ՏՏ ոլորտի զարգացման տեսանկյունից կարեւորում է նաեւ կրթական համակարգի բարեփոխումը եւ արագ վերակազմակերպումը։ Կնքված համաձայնագրում շեշտը հիմնականում, նախարարի հավաստմամբ, դրված է հենց կրթական համակարգի կատարելագործման եւ այդ ոլորտում նորարարությունների կիրառման վրա։ “Մայքրոսոֆթ” ընկերության գործարար կառավարման եւ քաղաքականության կենտրոնի տնօրեն Փոլ Մաքլեսթոնը նշեց, որ ընկերությունը պատրաստվում է երկարաժամկետ մարտավարություն մշակել Հայաստանում նորարարությունների ներդրման եւ զարգացման համար։ “Հայաստանը լիովին ունի այդ հնարավորությունները, եւ մենք հաշվի ենք առել տնտեսության մեջ ՀՆԱ–ի աճը, ինչպես նաեւ ՏՏ–ի սպառման մեծ ներուժը եւ կայուն քաղաքական մթնոլորտը”,–նշեց Փոլ Մաքլեսթոնը, նշելով, որ ՏՏ–ի կիրառումը բավական արագ է աճում, եւ շուրջ 150 ձեռնարկություններ ներգրավված են այդ բնագավառում, որտեղ աշխատում են շուրջ 4 հազար աշխատակից։ “Մայքրոսոֆթ”–ի գործարար կառավարման եւ քաղաքականության կենտրոնի տնօրենը տեղեկացրել, որ այս ընկերությունը Հայաստան կներմուծի շուրջ 20 հազար համակարգիչ, որոնց թիվը հետագայում կհասնի 75 հազարի։ Փոլ Մաքլեսթոնը նկատում է, որ ՏՏ ոլորտի զարգացման պայմաններում, այնուամեայնիվ, մեր երկրում համակարգչի կիրառությունը տնային տնտեսություններում դեռեւս բավարար մակարդակի վրա չէ եւ կազմում է բնակչության 5 տոկոսը, ինչը բավական ցածր ցուցանիշ է մյուս երկրների համեմատ։ Ըստ նրա՝ այդ ցուցանիշը պետք է հասնի գոնե 25–30 տոկոսի։ Մինչեւ 2010 թվականը “Մայքրոսոֆթը” նպատակադրված է նաեւ ՏՏ ոլորտի որակյալ կադրեր վերապատրաստել՝ աշխատաշուկայում առկա պահանջարկը բավարարելու համար։ Այս պարագայում նա կարեւորում է կրթական հաստատություններում համակարգչային պարտադիր առարկայական ծրագրերի ուսուցման գործընթացը, որն իր հերթին կնպաստի նաեւ արդյունաբերական որակավորում ունեցող մասնագետների ավելացմանը։ Նշենք, որ “Մայքրոսոֆթը” իր մասնաճյուղերն ունի 110 երկրներում, որոնցից Հայաստանը նույնպես դիտարկվում է որպես ՏՏ ոլորտի զարգացման ներուժ ունեցող երկիր։
ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության տնօրեն Գագիկ Մակարյանը նշել է, որ “Մայքրոսոֆթի” մուտքը Հայաստան էականորեն կփոխի գործարար աշխարհում կառավարման լավագույն փորձի կիրառությունը եւ արդյունաբերական տարբեր ճյուղերում հնարավորություն կստեղծի ապահովել նոր զարգացումներ՝ մեծացնելով հետաքրքրությունը օտարերկրյա ներդրողների նկատմամբ։ Քանի որ Հայաստանն ունի սակավ բնական ռեսուրսներ, փոքր ներքին շուկա եւ սահմանափակ սպառողական հնարավորություններ, ուստի Գագիկ Մակարյանը նորարարություն, արտադրողականություն եւ մրցունակություն շղթայի մեջ շատ է կարեւորում մշակված ռազմավարության գործընթացին հետեւելը։ Այն իր հերթին կնպաստի գործարարության զարգացմանն ու արտահանմանը միջազգային շուկա։
Գիտության պետական կոմիտեի և Գիտությունների ազգային ակադեմիայի մշակած գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը
Գիտության պետական կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան մշակել են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագիծը: Փաստաթուղթն ամրագրում է գիտության ոլորտի հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը 2011-2020 թվականների համար: Այն գիտության ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների և ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջություն է, որը հիմք է հանդիսանալու ոլորտի զարգացման 2011-2015 և 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրերը մշակելու համար, որոնք իրենց հերթին ապահովելու են գիտության դինամիկ և նպատակաուղղված զարգացումը: Այդ ծրագրերն իրականացվելու են կառավարության, մասնավոր բիզնեսի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և սփյուռքի ջանքերի զուգակցմամբ:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում վերաիմաստավորվում և վերաձևակերպվում է պետության ու հասարակության վերաբերմունքը մարդկային գործունեության տարբեր ոլորտների և դրանց զարգացման առաջնահերթությունների նկատմամբ։ Բայց անփոփոխ է մնում տնտեսապես զարգացած երկրների քաղաքականությունը գիտության և առաջատար տեխնոլոգիաների ոլորտում, այն է՝ տնտեսական ճգնաժամը չպետք է ազդի ոլորտի ֆինանսավորման ծավալների վրա։ Այլ խոսքով ասած, շարունակվում է այն քաղաքականությունը, որ ժամանակակից հասարակության զարգացման հիմքը գիտելիքն է, և միայն գիտելիքի վրա հիմնված տնտեսությունն ու հասարակությունն են ի զորու նվազագույն կորուստներով հաղթահարելու ինչպես արդի ֆինանսական դժվարությունները, այնպես էլ, ընդհանրապես, մարդկության առջև արդեն իսկ ծառացած կամ սպասվելիք մարտահրավերները։ Գիտությունն ու տնտեսությունը պետք է աճեն ու զարգանան միասին՝ մեկը մյուսից «սնվելովե։ Պետության օժանդակության պայմաններում տնտեսավարող սուբյեկտները պետք է «սովորենե էժան տնտեսական աճի համար օգտագործել հայրենի գիտության ձեռքբերումները, իսկ պետությունն էլ իր հերթին միջոցներ և հնարավորություններ կունենա տնտեսության կողմից դեռևս ցածր պահանջարկ ունեցող գիտական ուղղությունները խթանելու համար։ Հասարակության և տնտեսության զարգացման այդպիսի մոդելի համատեքստում էլ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան մշակել են ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունն առաջիկա 10 տարիների համար ։
Ռազմավարության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ, նախ, գիտության ոլորտի զարգացումը փոխկապակցվել է առաջատար տեխնոլոգիաների դինամիկ զարգացման հետ (հակառակ դեպքում գիտության ոլորտի զարգացումը կդառնար ինքնանպատակ և միայն մշակութային արժեք ու հետևանք ունեցող երևույթ, որը նպատակաուղղված կլինի «աբստրակտե գիտելիքի ձեռքբերմանը)։ Երկրորդ՝ գիտության ոլորտի զարգացումը ներկայացվում է որպես հաջորդական, աստիճանաբար բարդացող ու ավելի կարևորվող փուլերի ամբողջություն՝ նպատակ ունենալով վերջնական արդյունքում Հայաստանի համար ապահովել ուրույն տեղի ձեռքբերումը և հաստատումը միջազգային գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական տարածքում։ Բացի այդ, առաջին անգամ փորձ է արվել մշակել այնպիսի ռազմավարություն, որ գիտության ոլորտի ֆինանսավորման ժամանակ առաջնահերթությունները տրվեն կոնկրետ ծրագրերի։ Այսինքն՝ բացվում է մինչ այժմ գոյություն ունեցող այն փակ շրջանը, որ գիտությունը լավ չի ֆինանսավորվում, ինչի պատճառով արդյունքները միջազգային մակարդակից ցածր են և միջազգային չափանիշներին անհամապատասխան։
Գիտության ոլորտի ներկայիս վիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ անկախության տարիներին որոշակիորեն պահպանվել են հանրապետության գիտական ներուժը, գիտական կազմակերպություններն ու դպրոցները, ձեռք են բերվել որոշակի նվաճումներ տարբեր բնագավառներում։ Գիտական որոշ ուղղություններ արդեն իրենց ուրույն տեղն ունեն միջազգային գիտական և գիտակրթական տարածքում, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը։ 2009 թ. պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ներգրավված են 116 կազմակերպություն, շուրջ 7 հազար 500 գիտնական և գիտական աշխատող, որոնցից 3075-ն ունեն գիտական աստիճան։ Հանրապետության գիտնականների հեղինակությամբ կամ համահեղինակությամբ իրականացվում են միջազգային բարձր մակարդակին համապատասխանող մի շարք աշխատանքներ, որոնք հրատարակվում են հեղինակավոր գիտական ամսագրերում և արժանացել են բարձր գնահատականի ու մրցանակների ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Գիտության ոլորտում հիմնարար բարեփոխումների ձգձգումը հանգեցրել է բազմաթիվ խնդիրների։ Դրանք պայմանավորված են խորհրդային ժամանակների համեմատ ֆինանսավորման ծավալների կտրուկ կրճատմամբ, պետական առաջնահերթությունների բացակայությամբ, գիտական ներուժի զարգացման և վերարտադրության հնարավորության սահմանափակությամբ, գիտնականների արտահոսքով, ժամանակակից նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքների անբավարար մակարդակով, ինչպես նաև գիտական արդյունքների ներդրման և առևտրայնացման համակարգի դանդաղ ձևավորմամբ։ Արդյունքում շարունակվում է բարձրորակ կադրերի արտահոսքը գիտության բնագավառից, գիտական ավանդույթներ և միջազգային ճանաչում ունեցող մի շարք գիտական դպրոցներ կորցրել են իրենց երբեմնի բարձր դիրքերը, հասարակական գիտակցության մեջ նվազել է գիտության հեղինակությունը և գիտական աշխատողի մասնագիտական կարիերայի գրավչությունը, տնտեսական և հասարական զարգացումներում նպատակների նախանշումը չի իրականացվում անհրաժեշտ գիտական վերլուծությունների, հիմնավորումների ու քննարկումների հիման վրա։ Վերոնշյալ հիմնախնդիրները լուծելու, ինչպես նաև ունեցած ձեռքբերումները պահպանելու և զարգացնելու համար էլ մշակվել է գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը՝ ձևակերպելով զարգացման հեռանկարը, նպատակային խնդիրները և դրանց հասնելու համար իրականացվելիք միջոցառումները։
Ռազմավարությունում ՀՀ գիտության ոլորտի զարգացման տեսլականը սահմանված է հետևյալ կերպ. 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունը գիտական հետազոտությունների և մշակումների ոլորտն առաջընթաց զարգացնող, գիտական հետազոտություններով և մշակումներով միջազգայնորեն ճանաչված, տնտեսական և սոցիալական առաջընթացում նոր գիտելիքի ստեղծման ու օգտագործման աստիճանով առաջատար երկրների շարքում գտնվող պետություն է։ Ըստ այդ տեսլականի՝ ձևավորված են 7 թիրախային նպատակներ՝ առանձնացնելով և կարևորելով հայագիտության առաջընթաց զարգացման անհրաժեշտությունը որպես պետության համար կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող գերակայություն։ Գիտության ոլորտի զարգացման թիրախային նպատակներն ընտրված են այնպիսի տրամաբանությամբ, որ որոշակի հաջորդական քայլեր իրականացնելու արդյունքում գիտական հետազոտությունների ու մշակումների արդյունքները պահանջարկ կունենան և համապատասխան կիրառություն կգտնեն հայրենական տնտեսության մեջ, կստեղծվի կրթության, գիտության տեխնոլոգիաների և ինովացիայի ներդաշնակ փոխգործակցող, ինքնավերարտադրվող համակարգ, և, վերջապես, հնարավոր կլինի միջազգային գիտական տարածքում գտնել այն նեղ մասնագիտացումը, որտեղ մեր հանրապետությունը կկարողանա դասվել առաջատար երկրների շարքին։
Գիտության ոլորտի ենթակառուցվածքների արդիականացումը կդառնա ինքնանպատակ, եթե չապահովվի դրանց արդյունավետ և նպատակային շահագործումը բարձր մասնագիտական որակավորում ունեցող կադրերի կողմից։ Այս իմաստով բացառիկ ռազմավարական նշանակություն է ստանում բարձր կրթական մակարդակ ունեցող մասնագետների, գիտական ներուժի վերարտադրության հարցը։ Բանն այն է, որ համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում սրվել է նաև պետությունների մրցակցությունը բարձր կրթական մակարդակ ունեցող մասնագետների ներգրավման ուղղությամբ։ Այսպես, 2005 թ. Լիսաբոնում ձևավորված «Լիսաբոնյան ռազմավարությանե նպատակադրումների (2010 թ. Եվրոպան պետք է ունենա ամենամրցունակ և դինամիկ զարգացող գիտելիքահենք տնտեսություն) իրականացման համար Եվրամիությունը նախատեսում է և՛ ավելացնել գիտական հետազոտություններին հատկացվող ֆինանսական ծավալները՝ մինչև ՀՆԱ-ի 3 տոկոս, և՛, միաժամանակ, ներգրավել լրացուցիչ 6-7 հարյուր հազար հետազոտողների։ Իհարկե, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ նպատակադրումների մեջ մտցնում է լրացուցիչ ճշգրտումներ, սակայն չի փոխում դրանց ներքին տրամաբանությունն ու ընդհանուր մոտեցումները։ Այս իմաստով մեզ համար սկզբունքային է դառնում բարձր որակավորում ունեցող մասնագետների խելամիտ և հավասարակշռված օգտագործումը, մասնավորապես դրանց չբալանսավորված արտահոսքից ներհոսքին անցնելու խնդիրը՝ պահպանելով գիտնականի և գիտելիք կրողի ազատ տեղաշարժի՝ միջազգայնորեն ընդունված իրավունքը։ Նպատակին հասնելու նախապայմանը գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման եղանակների արդիականացումն է, մասնավորապես` մագիստրոսական և ասպիրանտական ուսուցումն ապագայում նաև ստեղծվելիք հետազոտական համալսարաններում իրականացնելը։
Միջազգային համագործակցությունը մատչելի է դարձնում հետազոտությունների ավելի լայն շրջանակ, ռեսուրսներ և ենթակառուցվածքներ, նպաստում է հետազոտողների մոտ նոր գաղափարների և մոտեցումների առաջացմանը, հնարավորություն է տալիս նրանց համեմատել իրենց աշխատանքը բնագավառի լավագույնների հետ և արդյունքում բարձրացնել մասնագիտական մակարդակը։ Այդ գործոնների պատճառով միջազգային համագործակցությունը դառնում է ավելի կարևոր, քան երբևէ։ Ըստ էության, պետք է հիմնականում խթանել այն միջազգային ծրագրերը, որոնք նպաստելու են այնպիսի ուժեղ գիտական բազայի զարգացմանը կամ ստեղծմանը, որն ընդունակ է ծրագրի ավարտից հետո երկար ժամանակ բավարարել հասարակության և տնտեսության պահանջները։

Օգտագործել եմ նյութեր հետևյալ կայքերից`
www.mineconomy.am/am/11/
www.gov.am/decrees/item/184/
www.hhpress.am
www.market.nt.am

No comments:

Post a Comment