Wednesday, December 23, 2009

Գիտությունը պետք է այնքան զարգանա, որ բիզնեսը ձգտի հասնել նրա հետեւից


Գիտությունը պետք է այնքան զարգանա, որ բիզնեսը ձգտի հասնել նրա հետեւից


«Գյուտերի, օգտակար մոդելների ու արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի մեկին։
Նոր օրենքն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին. փոխվել է կարգը, ավելի դյուրին է դարձել արտոնագրի տրամադրման գործընթացը։ Բացի այդ, գյուտի եւ օգտակար մոդելի հայտը հրապարակվում եւ արտոնագիրը տրվում է հայտը ներկայացնելուց 18 ամիս հետո։ «Սա ձեռնտու է գյուտարարներին, ավելի առաջադեմ տարբերակ է, եւ այս դեպքում լավ գյուտը ձեռք բերել ցանկացողները շատ կլինեն»,–կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը՝ նշելով, որ գյուտարարի խնդիրն է դառնում ապացուցել, թե որքանով է իր հեղինակած գյուտն օգտակար ու պետքական։
Ըստ գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանի՝ անցած ամբողջ տարվա ընթացքում մեր երկրում գրանցվել է 138 գյուտ եւ օգտակար մոդել։ Գյուտարարները սովորաբար չեն կիրառում իրենց ստեղծածը, ենթադրվում է, որ ինչ—որ մեկը պետք է գնի նրանցից իրավունքը, գործակալությունը միայն գրանցում է պայմանագրերը։ Հատկանշական է, որ անցած ամբողջ տարվա ընթացքում 138—ից ընդամենը մի քանի գյուտի նկատմամբ է հետաքրքրություն հանդես բերվել։ Նկատելով, որ ստացված ցուցանիշը շատ փոքր է, Ա. Ազիզյանը շտապեց տեղեկացնել, որ ամբողջ աշխարհում գյուտերի ներդրման ցուցանիշը տատանվում է 5—10 տոկոսի շրջանում։ Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին գործակալությունն ստացել է գյուտի եւ օգտակար մոդելի գրանցման շուրջ 63 հայտ, ենթադրվում է, որ տարեվերջին այս ցուցանիշը մոտ կլինի նախորդ տարվա պատկերին։ Ի դեպ, գյուտերի գրանցման համար շատ են դիմում հատկապես ասպիրանտները։ Մեր երկրում գրանցված գյուտերը հրապարակվում են, թարգմանվում են անգլերեն ու ռուսերեն, տարածվում են աշխարհի 90 երկրներում։ Գործակալության ինտերնետային կայքը եւ, մասնավորապես, գյուտերի բաժին շատ են այցելում հատկապես ԱՄՆ—ից։
Ա. Ազիզյանը նշեց, որ գյուտերի մեծ մասը սովորաբար չի ներդրվում արտադրության մեջ, դրանք գրանցվում են, հրապարակվում եւ դառնում տեխնիկայի մակարդակ, որի հիման վրա մյուս գիտնականները շարունակում են հետազոտական աշխատանքները։ Մեր երկրում այս պատկերը երկու պատճառ ունի. գիտահետազոտական ինստիտուտներին բիզնեսը ոչինչ չի պատվիրում, դրանք էլ չեն ստեղծում բացառիկ նորարարություններ, որոնք արտադրության մեջ չկիրառելը հանցանք կհամարվի։ Պաշտոնյայի դիտարկմամբ, մրցակցությունը Հայաստանում շատ խիստ չէ, այնպես որ, արտասահմանից ձեռք բերված երրորդ սերնդի տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված արտադրանքը բավարարում է ներքին շուկայի պահանջարկը։ Արդյունքում, մեր արտադրանքը մրցունակ չէ արտերկրում, քանի որ այնտեղ ամենօրյա աշխատանք է տարվում տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ավելի որակյալ ու էժան արտադրանք ստանալ։
Գիտատար տնտեսության ձեւավորման ճանապարհին բանախոսն առաջընթաց է համարում նաեւ այն, որ այսօր բոլորն են շոշափում այս թեման։ «Գիտատար արտադրության մասին խոսում են բոլոր երկրներում, դա կյանքի պահանջն է։ Հնարավոր չէ զարգացում ունենալ առանց գիտատար արտադրություն ունենալու, առավել եւս զարգացող երկրների պարագայում։ Մեր երկրում այդ խնդիրն ավելի կարեւոր է, քանի որ առկա արտադրությունը մրցունակ չէ աշխարհում. չենք կարող ստեղծել ու արտահանել շատ ապրանքների տեսականի, քանի որ դրանցից աշխարհում կա ավելի որակյալն ու էժանը։ Այլ ելք չկա. ինտելեկտը պետք է աշխատի արտադրության հետ»,–եզրակացրեց նա։ Ա. Ազիզյանը փոխանցեց նաեւ իր գերմանացի գործընկերների կատակը, թե այդ երկրում ի սկզբանե տապալված է այն գործիչը, ով իր ճառում չի անդրադառնում մտավոր սեփականությանը, ինովացիաներին, գյուտերին։
Ստեղծված իրավիճակից ելքը, նրա պատկերացմամբ, կարող է լինել գիտությանը լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելը, բիզնեսի շահագրգռվածության աճը։ Գիտությունը պետք է այնքան զարգանա, որ բիզնեսն ստիպված հասնի նրա հետեւից։ «Լավ գյուտը թղթի վրա չի մնա, իսկ օգտակար գյուտ անելու համար պետք է գիտական լավ բլոկ լինի»,–կարծում է գործակալության պետը։

Ո՞վ պետք է զբաղվի գիտական արդյունքն առեւտրայնացնելու խնդրով


Իսկ այն հարցին, թե ո՞վ պետք է զբաղվի գործնականում արտադրության մեջ գյուտերի ներդրման հարցով, Ա. Ազիզյանը պատասխանեց, որ նման մարմին ունենալու անհրաժեշտությունն զգացվում էր վաղուց, այդ պատճառով էլ ՀՀ կառավարության որոշմամբ, ապրիլի 23—ին ստեղծվել է «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ—ը, որը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում եւ Կապանում։ Պետական աջակցող այս մարմնի միջոցով հնարավոր կլինի կապ հաստատել գյուտարարի ու բիզնեսի միջեւ, թեեւ գիտատար տնտեսության զարգացման խնդրում, նախեւառաջ, պետք է շահագրգիռ լինի բիզնեսը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ գիտելիքի տնտեսության բաժնի պետ Գոհար Գրիգորյանը պարզաբանեց, որ նորաստեղծ կառույցն իր մեջ կենտրոնացնելու է բիզնես ծառայությունների ամբողջությունը՝ ինտերակտիվ գրադարան, ՓՄՁ—ի համար հաշվապահական ծառայություններ, իրավական խորհրդատվություն եւ այլն։ «Նպատակն այն է, որ բիզնեսն այդ կենտրոն մտնելով, ստանա իր բոլոր հարցերի պատասխանները»,–ավելացրեց նա։
Ըստ Ա. Ազիզյանի՝ գիտության եւ արտադրության կապի խնդրում տարբեր երկրներ ունեն իրենց մոտեցումները։ Եվրոպական փորձի դեպքում բիզնեսն իրեն հետաքրքրող հարցի վերաբերյալ գիտահետազոտական կազմակերպություններին ուսումնասիրություններ կատարելու եւ լուծումներ գտնելու պատվեր է տալիս, իսկ արդյունքը ներդնում է արտադրության մեջ։ «Սա լավագույն տարբերակն է եւ ամենահարմարն է Հայաստանում կիրառելու համար»,–կարծում է զրուցակիցս։ Ճապոնական մոդելով փորձ է արվում աշխատել սպառողի հետ, նրանից տեղեկանալ, թե ո՞ր նորությունը կարող է օգտակար լինել, ի՞նչ է ուզում սպառողը։ Ամերիկյան մոդելն էլ այլ լուծումներ է առաջարկում։
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ ամբողջ աշխարհում 40 գյուտից ու օգտակար մոդելից միայն 5–ն են հետաքրքրություն առաջացնում, իսկ գիտական մշակումից հետո դրանցից միայն մեկն է առեւտրայնացվում։ Նրա կարծիքով, այն փաստը, որ մեր երկրում գրանցված մոտ 140 գյուտից միայն մի քանիսի նկատմամբ է հետաքրքրություն նկատվում, լավ ցուցանիշ է։ «Հայաստանում կան գիտական արդյունքներ, որոնք կարող են առեւտրայնացվել»,–վստահ հայտարարեց ոլորտի պատասխանատուն։ Բանն այն է, որ մեր ձեռնարկատերերն ու արտադրողները դեռեւս լավ չեն գիտակցում ինովացիաների դերը եւ չեն ուզում ռիսկի դիմել։ «Փող ունեցողները մեր գիտական արդյունքներին չեն վստահում՝ նախընտրելով արտասահմանից բերել պատրաստի արտադրանք»,–ասաց նա։
Հայաստանի համար կարող է օգտակար լինել Իսրայելի օրինակը, որտեղ 1992 թվականին ստեղծվել է առաջին տեխնոպարկը, այստեղ ռիսկն իր վրա է վերցրել պետությունը՝ հավատալով իր գիտնականին։ Այս ուղին որդեգրելու պարագայում մոտ 5—6 տարի պետությունը պետք է շահույթ չակնկալի, իսկ մասնավոր հատվածը ավելի ուշ է միանում գործընթացին՝ տեսնելով հաջողությունները։ Գրեթե նույն ճանապարհն ընտրել եւ լուրջ հաջողություններ է արձանագրել Ռուսաստանը, այստեղ առկա է շուրջ 2 մլրդ դոլարի խառը վենչուրային կապիտալ, որի ուղիղ կեսը ներդրել է պետությունը, մյուս կեսը՝ խոշոր ձեռնարկատերերը։

No comments:

Post a Comment